ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այսօր դրական եզրակացություն է ստացել գլխադասային մշտական հանձնաժողովում:
Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողների` անվճար դասագրքեր ստանալու հնարավորություն:
Բացի դրանից՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում բուժվելու պետպատվերի շրջանակներում:
Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետևանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաև միանվագ գումարային հատուցում:
Ըստ Գաբրիելյանի՝ նախագծով առաջարկվում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, որն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչև 2024 թ. հունվարի 1-ը ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաև ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:
Նախագիծը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: