Տնային կենդանիների հետ կապված իրավահարաբերություններում, մասնավորապես շների պարագայում, նույնականացման անձնագիր ունենալու պահանջ կներմուծվի: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի» օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների մասին քննարկմանն ասաց օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը:
«Այն արդյունավետ է լինելու հետագայում կորելու, նրանց լքված լինելու դեպքում տերերի ինդենտիֆիկացման գործընթացում, ինչը կարևոր է լինելու թափառող կենդանիների քանակի կարգավորման տեսանկյունից»,- ասաց պատգամավորը:
Գալստյանը տեղեկացրեց, որ գործող օրենսդրությունը կարգավորում է վայրի կենդանական աշխարհի, գյուղատնտեսական նշանակության կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բայց չկային իրավական ակտեր, որոնք կկարգավորեն տնային կենդանիների, թափառող, անտուն կենդանիների ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Պատգամավորը շեշտեց, որ այն բոլորովին նոր մայր օրենք է, որի տրամաբանության հիմքում ընկած է կենդանիների նկատմամբ պատասխանատու, մարդասիրական վերաբերմունքը:
«Կենդանիների պահման տիրապետողին ներկայացվող պատասխանատվության ամբողջ շրջանակն է սահմանված: Թափառող կենդանիների համար առանձնացված հատվածում ներառել ենք թափառող կենդանիների բռնումն իրականացնելու կամ կազմակերպելու պահանջները: Ներկայացված է կենդանիների վաճառքի, նրանց կացարաններում պահելուն վերաբերող բոլոր պահանջներն ու սահմանափակումները»,- ասաց Գալստյանը:
Մայր օրենքին կից մշակվել է նաև «Տեղական ինքնակառավարման» օրենքում փոփոխությունների փաթեթ, որով սահմանվելու է ՏԻՄ-երի լիազորությունների ու պատասխանատվության շրջանակը:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ենք առաջարկել մայր օրենքի դրույթները խախտելու համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան՝ 10-րդ հոդվածում ներկայացված՝ արգելված գործողությունների համար»,- ասաց պատգամավորը:
Գալստյանը նախագծի ներկայացումից հետո առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել, քանի որ դեռ գերատեսչությունների հետ որոշակի հարցերի հստակեցման համար քննարկումներ են ունենալու: