Լիբանանահայ Թոնի Հաժժարն է: 7 ամիս աշխատանք չունենալուց հետո ընտանիքով տեղափոխվել է Շուշի: Բնակության ու կենցաղի բոլոր հարցերը հոգում է Արցախի կառավարությունը: Առայժմ ծանոթանում են քաղաքին, փորձում ընտելանալ տեղի նիստուկացին:
Թոնի Հաժժար (հայրենադարձ լիբանանահայ) - Անպայման ամեն օր մենք մի ժամ կգնանք, այստեղ մանկապարտեզ կա Նարեկի համար, պետք է հաճախի: Նարեկին ամեն օր տանում են բակը, որ վարժվի, որ միանգամից չնեղանա: Շրջում ենք ոտքով մինչև առջևի այգին, հյուրանոցի մոտ մի հատ այգի կա, այնտեղ երեխաների համար խաղավայր կա: Նարեկն ամեն օր լինում է այնտեղ:
Նարեկը Թոնիի և Ցոլերի միակ զավակն է: Օրեր հետո մանկապարտեզ կհաճախի: Մասնագիտությամբ դաստիարական մայրն արցախյան խոհանոցը համտեսել ու շատ է հավանել: Այսօր հյուրեր ունեն, ուտեստներով նաև իրենք պետք է զարմացնեն:
Ցոլեր Հաժժար (հայրենադարձ լիբանանահայ) - Տեղի մշակույթի կենտրոնից մեզ հյուր էին հրավիրել: Խոսք եղավ, որ իրենք բամիան միայն թթու են դնում: Մենք ասացինք, որ ջրիկ ճաշ, փլավ ենք պատրաստում բամիայով: Իրենք զարմացան և ասացին, որ չեն փորձել երբևէ: Հրավիրեցի և ասացի, որ կպատրաստեմ:
Տեղափոխվելուց առաջ Թոնին եկել ու շրջել էր Արցախում: Անկեղծանում է՝ Երևանում վարձով էին ապրում, բայց մինչև ե՞րբ,- ասում է:
Լիբանանահայերը բնակարաններ կունենան,- վստահեցնում է Շուշիի շրջանի ղեկավարը: Հանրապետության նախագահի հանձնարարականն է:
Էրիկ Հարությունյան (Շուշիի շրջվարչակազմի ղեկավար) - Կան վաճառքի հանված շատ տներ, որոնք, ըստ նախագահի հանձնարարականի, մենք գնելու ենք և օգտագործման իրավունքով տրամադրելու ենք մեր լիբանանահայ ընտանիքներին: Փաստացի, մեր շրջանում քանի տարի է՝ չունենք, բայց լիբանանահայերին մենք տները կտրամադրենք, ու 10 տարի բնակվելուց հետո կհամարվի իրենց սեփականությունը:
Հաժժարներին շուտով երկրորդ լիբանանահայ ընտանիքը կմիանա: Ասում են՝ մասնագիտությամբ բժիշկն ուզում է Շուշիում աշխատել: Խոհարարական գործում հմտացած Թոնին, հավանաբար, Ստեփանակերտում կաշխատի. այնտեղ ռեստորանները շատ են:
Թոնի Հաժժար - Ես չեմ փոխի Շուշին, որ գնամ Ստեփանակերտ, բայց Ստեփանակերտն էլ շատ մոտ է: Ամեն օր 10 կամ 15 րոպե մեքենայով կհասնեմ այնտեղ, գործս կանեմ ու կվերադառնամ: Շատ ավելի հեշտ է, քան եթե այնտեղ ապրեմ, որովհետև շատ ավելի հանգիստ քաղաք է:
Հայրենադարձ լիբանանահայերն ասում են՝ Շուշին մաքուր օդ և հարուստ բնություն ունի: Ամենակարևորը, սակայն, որ այստեղ իրենք տանն են: