ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:
Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է` երկու կիսամյակով:
Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ: Առարկաների քանակը և դասաժամերի թվաքանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով հաստատության ֆինանսական հնարավորություններից:
Համաձայն հրամանի` արտակարգ դրության պայմաններում արվեստի դպրոցներում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար ձևաչափով:
Ուսումնական գործընթացի կազմակերպում.
-
Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները, անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:
-
Սովորողների գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից ստուգարքով, տարբերակված ստուգարքով (սահմանային ներքին շեմով, բալային գնահատումով ստուգարք) և քննությամբ:
-
Տարբերակված ստուգարքն ու քննությունը գնահատվում են առավելագույն 10 միավորային համակարգով:
-
Ստուգարքի դեպքում արդյունքը գնահատվում է «ստուգված» կամ «չստուգված» գնահատականով:
-
Փոխադրական քննությունը, տարբերակված ստուգարքն անբավարար կամ ստուգարքը «չստուգված» ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60-ից ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը հաջորդ դասարան չի փոխադրվում:
-
Դրսեկության ձևով (էքստեռն) ուսումնառության ավարտը, ինչպես նաև մի դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքները և քննությունները հանձնելու, սովորողի գերազանց առաջադիմության և մանկավարժական խորհրդի հավանության դեպքում: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:
-
Դպրոցի ավարտական վկայականը տրվում է ավարտական ստուգարքներն ու քննությունները հանձնած և ուսումնական պլանով նախատեսված դասաժամերի առնվազն 70% մասնակցություն ունեցած սովորողներին:
-
Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական և հետդպրոցական ուսումնառություն:
-
Ուսումնական պլանով չնախատեսված այլ (լրացուցիչ) երաժշտական գործիքի, երգեցողության ուսուցումը կազմակերպվում է հավելյալ վարձավճարով:
-
Տեսական առարկաների խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը կարող է լինել 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից: «Նվագախումբ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 10-12, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողների դեպքում:
Ելնելով համույթի, նվագախմբի և երգչախմբի պարապմունքների առանձնահատկություններից` սահմանվում է.
-
3-12 սովորողի դեպքում` մեկ միավոր համույթի ղեկավարի համար.
-
8-12 սովորողի դեպքում` մեկ միավոր նվագախմբի ղեկավարի համար.
-
20-35 սովորողի դեպքում` մեկ միավոր երգչախմբի խմբավարի և 0,5-1 միավոր կոնցերտմայստերի համար:
Ավելի մեծ նվագախմբի կամ երգչախմբի դեպքում համաչափ ավելացնել միավորների թիվը: