Վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր, սա բարելավում է: Այդ մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք, այսինքն՝ ախտորոշված դրական և բուժման մեջ գտնվող: Թեստավորումների թիվը բարձր է, ունենք վարակվածների հայտնաբերելիության մեծ աստիճան, այս պահին 5-6 տոկոսի շրջանում ենք, ինչը բարձր ցուցանիշ է»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ առաջիկա ամենամեծ ռիսկը հանրակրթական դպրոցների բացումն է, և այս առումով, ըստ Կառավարության ղեկավարի, որոշումներ են կայացվել, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Մասնավորապես, խոսքը դպրոցներում դիմակի պարտադիր կրման մասին է:
«Մենք պարտադրված ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի չվերադառնանք նախկին իրավիճակին: Մեկնաբանություններ կան, որոնք զարմացնում են: Բոլոր որոշումները, որոնք մենք ընդունում ենք, մենք ինքներս էլ ենք կատարում և պահպանում. դա վերաբերում է նաև մեր երեխաներին, որոնք արտոնյալ չեն: Մենք կգնանք այս ճանապարհով և մոնիթորինգ կանենք իրավիճակը, և եթե դրական միտումը շարունակվի, կամաց-կամաց դուրս կգանք այս սահմանափակումների իրավիճակից»,- ընդգծեց Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կանոնների խիստ պահպանման դեպքում միայն կունենանք կայուն իրավիճակ: «Վստահ ենք, որ այն կանոնները, որոնք սահմանված են, շատ կարճ ժամակաում կբերեն սահմանափակումների թուլացման, ուստի խնդրում ենք ծնողների և ուսուցիչներին աջակցությունն այդ հարցում:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ այս պահին ուսուցիչների համատարած թեստավորում է անցկացվում, և առկա է վարակման ցածր ցուցանիշ:
Անդրադառնալով կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքներին՝ վարչապետը նշեց, որ համավարակը, իհարկե, տնտեսական և սոցիալական վնասներ է պատճառել: Սակայն, ըստ նրա, ՀԴՄ կտրոններով շրջանառության տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք:
Փաշինյանը հայտնեց, որ 2020-ի օգոստոսին, 2019-ի օգոստոսի համեմատ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով:
«Առևտրի նվազում ունենք, քանի որ չունենք զբոսաշրջիկներ, չեն աշխատում թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, հյուրանոցները դատարկ են: Հարսանիքները սահմանափակ թվով են անցկացվում: Պետք է արձանագրել, որ ՀԴՄ կարգապահությունը ամենաբարձր մակարդակում չէ, սակայն առկա թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա: Դա տեղի է ունեցել Կառավարության վարած քաղաքականության շնորհիվ: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն է ներարկվել 163.4 մլրդ դրամ: Այս միջոցառումների մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները:
2020-ի հուլիսին Հայաստանում եղել է 613 62 աշխատատեղ, ինչը 2019-ի համեմատ ավելի է 6597-ով՝ 1.1 տոկոսով: Աշխատավարձերի ֆոնդերն այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով՝ 8.3 տոկոսով ավելի են, քան 2019-ին: Պետք է հուսալ, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավել կլինեն, քանի որ օգոստոսին ներքին զբոսաշրջության ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- ասաց Կառավարության ղեկավարը: