Գյուղատնտեսության զարգացման նպատակով Արցախում ևս կիրականացվեն պետական աջակցության ծրագրեր: Արցախի գյուղատնտեսության նախարարն առաջարկում է, թե ինչպես ջերմոցային տնտեսությունների տարածքները հեկտարների հասցնել:
Աշոտ Բախշիյան, Արցախի գյուղատնտեսության նախարար - Մի հեկտար ջերմոց կառուցելու պարագայում կառավարությունը հետ կտա դրա 50 տոկոսը, բայց ոչ ավելի` 200 միլիոն դրամը: Կոչ եմ անում բոլոր ներդրողներին գալ Արցախ, հիմնադրել ջերմոց:
Հայաստանում գյուղատնտեսական պետական ծրագրերի փորձին ծանոթանալու նպատակով Հայաստան ժամանած Արցախի գյուղնախարարը հավելում է` հեկտարի հաշվով տարեկան ևս 6 և 4 միլիոն աջակցություն կստանան ջեռուցվող ու չջեռուցվող ջերմոցներ կառուցողները: Ֆինանսական աջակցություն կստանան նաև ինտենսիվ այգիներ հիմնողները: Մեկ հեկտար նռան այգի տնկելուց հետո կհատկացվի 100 հազար դրամ, խաղողի դեպքում` մեկ միլիոն:
Գյուղատնտեսական նպատակով տրամադրվող գումարներն անտոկոս են: Մեծ պոտենցիալ կա անասնապահության ոլորտում:
Տիգրան Խաչատրյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - 4 հիմնական ուղղություն ենք նախանշել. առաջին` խելացի անասնաշենքերն են, տոհմային ոչխարաբուծությունն է, ունենք մեծ պոտենցիալ, որը դեռևս իրացված չէ և կենդանիների համարակալումն է: Մենք այս տարի Հայաստանում իրականացնում ենք այդ ծրագիրը և մտածում ենք, որ պետք է լինի միասնական համակարգ: Եվ, ի վերջո, սպանդանոցները:
Միսն ու մսամթերքը պետք է շուկա դուրս գան անվտանգ,- ասում է Տիգրան Խաչատրյանը: Մսամթերքի հարցում` թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում պետք է գործեն խաղի միասնական կանոններ: