Ամենօրյա կորոնավիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում առողջապահական վիճակը բարելավվում է: Զգալիորեն ավելացված թեստերի դեպքում օրական 200-ից պակաս վարակակիր և ակտիվ դեպքերի նվազում կա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 5,6,7 տոկոսի շրջանակում են հայտնաբերվում, ինչը միջազգայնորեն համարվում է հայտնաբերման բարձր ցուցանիշ:
Դինամիկան խախտելու ռիսկը դպրոցների բացումն է:
Վարչապետն անդրադարձավ աշակերտների՝ դիմակ կրելու պահանջին: Տարբեր մեկնաբանություններին ի պատասխան՝ պարզաբանեց. պարտադրված քայլն արվում է, որպեսզի համաճարակային ճգնաժամին այլևս չվերադառնանք:
Նիկոլ Փաշինյան - Բոլոր հակահամաճարակային որոշումները, որ արվում են, առաջին հերթին մենք ինքներս ենք այն պահպանում: Դրանք վերաբերում են մեր երեխաներին: Նրանք ո՛չ դպրոցում, ո՛չ մանկապարտեզում, ո՛չ այլուր արտոնյալ չեն: Կիրականացվի մոնիթորինգ, կկայացվեն որոշումներ, որ երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն:
Դպրոցների բացմանը մնաց հինգ օր. Կառավարությունը հորդորում է՝ խստորեն հետևել սահմանված կանոններին՝ սահմանափակումների ռեժիմից աստիճանաբար դուրս գալու համար: Իրականացվում է ուսուցիչների լայնածավալ թեստավորում:
Արայիկ Հարությունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ստիպված ենք եղել հանրակրթական համակարգը հիսուն տոկոսով փոխել, մենք շահագրգռված են արագ վերադառնալ բնականոն հունի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Որպես լիազոր մարմին՝ հորդորում ենք պահպանել կանոնները, որ այս լավ տեմպը ունենանք:
Նիկոլ Փաշինյան - Դպրոցները պետք է բացենք այնպես, որ փակելը բացառենք: Մենք երկար ժամանակ աղաչում, պաղատում էինք, որ պահպանեն: Պետք է վարչական տուգանք. սա պետություն է: Ինչ ա նշանակում՝ ոստիկանը մոտենա քաղաքացուն, նա վիրավորի ոստիկանին, չի կարող նման բան լինել, ուղղակի չի կարող:
ՀԴՄ կտրոններով առևտրի շրջանառության ցուցանիշը մեկն է՝ հասկանալու՝ կորոնայի պատճառով ի՞նչ վնաս է կրել տնտեսությունը: ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով: Մի կողմից արտագնա աշխատանքի մեկնողները մնացին երկում, մյուս կողմից՝ զբոսաշրջիկներ չեկան: Փակ էին թատրոններն ու թանգարանները, դատարկ՝ հյուրանոցները: Թվերը ցույց են տալիս՝ ճգնաժամ չկա:
Նիկոլ Փաշինյան - Մինչև օգոստոսի կեսը հարսանիքի կարող էին մասնակցել մինչև 20 հոգի, էլ չեմ ասում՝ ՀԴՄ կարգապահությունը կորոնավիրուսի պատճառով ամենաբարձր մակարդակում չէ: Այս թվերը աներկբայորեն ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա:
Հակաճգնաժամային միջոցառումներով տնտեսություն է ներարկվել 163.4 միլիարդ դրամ։ Հուլիսի տվյալով կա ավելի քան 613 հազար վճարվող աշխատատեղ՝ անցած տարվա համեմատ մոտ վեց հազար հինգ հարյուրով ավելի:
Նիկոլ Փաշինյան - 2020 թվականի հուլիսին ավելի շատ գրանցված աշխատատեղ ունեն, քան նախորդ տարվա նույն ամսին: Ընդ որում՝ աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 9 մլրդ 765 մլն դրամով ավելի են, քան 2019-ին։ Պետք է հուսալ, որ օգոստոսին այս ցուցանիշներն ավելին կլինեն։
Վարչապետն անդրադարձավ արտագնա աշխատանքի, հատկապես Ռուսաստան մեկնողների հարցին:
Նիկոլ Փաշինյան - Եթե ՌԴ մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը, համաճարակային ընկալումները ԵԱՏՄ շրջանակում քննարկման առարկա դարձնենք, հասկանալու ինչպես ենք դուրս գալու այս վիճակից:
Սեպտեմբերին մեկ-երկու տասնյակ ավիանընկերություն կսկսի դեպի Հայաստան չվերթերը: Քաղաքացիները, որոնք չեն ցանկանա 14 օր կարանտինում մնալ, տեղում թեստ կհանձնեն: Զվարթնոցում կառուցվում է նմուշառման քսան կետ:
Տիգրան Ավիանյան (ՀՀ փոխվարչապետ) - Հայաստանն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - ԵԱՏՄ-ում բարձրացրել ենք կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարի վերականգնման հարցը, որ պարզեցում լինի:
Փոխվարչապետը միացավ հակահամաճարակային կանոններին հետևելու գործընկերների հորդորին, մանավանդ որ օդում կախված է 2-րդ ալիքի սպառնալիքը, որ արդեն նկատվում է շատ երկրներում: Այնպես որ, ըստ Փաշինյանի, կորոնավիրուսի հետ կապված խմորը դեռ շատ ջուր է տանելու: