Եվրոպական միության TAIEX (տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակման գործիք) առաքելության շրջանակներում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Լեհաստանի տրանսպորտային տեսչության միջև տեղի է ունեցել աշխատանքային հեռահար կոնֆերանս։
Կոնֆերանսին բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։ Տեսակոնֆերանսին մասնակցում էին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի խորհրդական Վահագն Լալայանը, ՔՏՀԱՏՄ Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Նարինե Մկրտչյանը, Իրավաբանական բաժնի պետ Անուշիկ Հայրապետյանը, Տրանսպորտային անվտանգության վարչության պետի տեղակալ Լուսինե Խոսրովյանը, Տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղայանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ Արամ Բադալյանը, Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ Խաչիկ Ղազարյանը, ինչպես նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ներկայացուցիչ Աստղիկ Հայրապետյանը։
Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Աննա Կրյուկովսկան և Լեհաստանի տրանսպորտային տեսչության ղեկավար Կրիստոֆ Նովակը քննարկման ընթացքում հանգամանալից ներկայացրել են ցամաքային բեռնափոխադրումների համակարգում՝ մասնավորապես ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների, ավտոմոբիլային ճանապարհներով վտանգավոր բեռների փոխադրման և ավտոմոբիլային տրանսպորտում տախոգրաֆ քարտերի կիրառման կանոնակարգերը և վերահսկողական գործիքակազմը։
Քննարկման արդյունքում կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն փոխադարձ այցելությունների միջոցով աջակցել Հայաստանի Հանրապետությունում վերահսկողական արդյունավետ գործիքակազմ ներդնելու վերաբերյալ։