Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցմանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթն այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ: Փաթեթով նախատեսվում են փոփոխություններ, որոնք միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը, իրավական հիմք են ստեղծում հետագա թվայնացման աշխատանքների պարզեցման համար:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ` front և back office ձևաչափով: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնները, միասնական գրասենյակները, որոնց առաջին միասնական գրասենյակն արդեն գործում է: Կարող են նաև դիմումներն ընդունել մասնավոր լիազոր օպերատորների կողմից, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հյուպատոսարանների կողմից: Գրանցումները կկատարվեն ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները: Կիրականացվի բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրումը մեկ պետական մարմնի կողմից՝ միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով: Ծառայությունը մեկ օրում կտրամադրվի: ԱԳՆ-ի հետ այդ հարցի վերաբերյալ որոշ քննարկումներ կլինեն:
«Էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումը նախարարի հրամանով հնարավորություն կտա քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Վերացվում է նաև 3000 դրամ պետական տուրքը առցանց անհատական ձեռնարկատեր հաշվառելու դեպքերի համար»,- ասաց Բադասյանը:
Եվս մեկ փոփոխությամբ՝ առևտրային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն է տրվում, որը, նախարարի խոսքով, կվերացնի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին՝ հիմնականում ամսվա վերջին և ամսվա սկզբին գործակալությունում առաջացող հերթերը:
«Առևտրային կազմակերպությունների ժամկետը կրճատվում է մեկ աշխատանքային օրով: Ներկայումս երկու օր է, իսկ օրինակելի կանոնադրությամբ գրանցվելու դեպքում տեղում կնիքի և աշխատողի գրանցման հայտի ներկայացման դեպքում ՀՀ-ի համար գործարարությամբ զբաղվելը կհեշտանա»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ անհատ ձեռնարկատերերին հաշվառվելու հնարավորություն կտրվի լիազորված անձի միջոցով:
«Առաջին անգամ հնարավորություն կա ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը ներդրումային միջավայրի բարելավմանն է միտված»,- ասաց Բադասյանը:
Նախարարը նշեց նաև, որ հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի, նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը և դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետները: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս: Նոր նախագծով սահմանել են դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրությամբ օրը: