Երբեմն տպավորություն է, որ համաճարակը միայն Հայաստանում է, սակայն իրականում ԱՊՀ երկրների շրջանառությունը դեպի Ռուսաստան, նաև իրար մեջ փակ է: Այդ մասին Կառավարության նիստում, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում այդ հարցը քննարկման առարկա կդառնա ԵԱՏՄ շրջանակում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարը հաստատելու հարցը և հուսով են, որ կգործի միասնական կանոն:
Վարչապետը նշեց, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ 14 օր, կարող են օդանավակայանում թեստ հանձնել, և եթե պատասխանը բացասական է, կարանտին չեն անցնի:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում, ովքեր ուզում են Հայաստան գալ, կարող են գալ: Նրա խոսքով՝ ներկայումս օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը: