ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մարտի 1-ի զոհերի հարազատների արձագանքը մարդկայնորեն հասկանում եմ, և այն ճիշտ է, որովհետև այն զրկանքը, որն նրանք են կրել, միշտ բերում է արդարության պակասի զգացողության և, հետևաբար, իրենք անընդհատ փնտրում են արդարություն և սպասում արդարադատության։
Բայց իրավական պրոցեսները տանողների վերջին հայտարարությունն ու որդեգրած քաղաքականությունը որևէ կերպ չեն նպաստելու գործի արագ քննությանը։
Այո՛, ինքս խնդիրներ տեսնում եմ, բայց դրանցում մեղադրել գործադիր կամ օրենսդիր իշխանությանը՝ սխալ է։ Հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ Մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների օբյեկտիվ քննությունը։
Կառավարությանը քննադատողներից ոմանք (իրավական պրոցեսներն առաջնորդողները) հեղափոխական արժեքների մասին սխալ պատկերացում ունեն: Եթե մինչև հեղափոխությունը դատավորին զանգելն ու ցուցումներ տալը նորմալ էր, ապա վստահեցնում եմ, որ մեր Կառավարությունը կատակ չէր անում, երբ խոսում էր անկախ դատական իշխանության մասին։
Մենք ձեռքներս ծալած չենք նստել, մենք վարում ենք քաղաքականություն, ունենք հստակ ռազմավարություն, որի իրագործումը բերելու է անկախ և կոռուպցիայից զերծ դատական իշխանության ձևավորման։
Մենք շարունակում ենք կատարել Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքները, հետևողականորեն, առանց վախենալու քննադատությունից․ դա է միակ ճիշտ լուծումն ու անկախ դատական իշխանություն ձևավորելու ճանապարհը։
Նրանք, ովքեր խոսում են Ալբանիայի օրինակով իրականացված վեթինգից, խնդրում եմ իրենց նայել Ալբանիայի փորձը, որքա՞ն է Ալբանիայում տևել պրոցեսը՝ սահմանադրական փոփոխությունների, գործիքակազմի ներդրման առումով, ի՞նչ արդյունք են գրանցել։
Կան խնդիրներ, դրանք վստահաբար լուծվում են․ առաջիկայում կունենանք լուրջ բացահայտումներ, և այն, ինչ տեսանելի չի եղել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են, վստահ եմ՝ դատական քննության փուլում հասարակությունը դրանց կտեղեկանա և կընդունի, որ Կառավարությունն այս ընթացքում անգործության մատնված չի եղել»: