Թուրքիայում միանգամից 5 նահանգում՝ Շըրնաքում, Բուրսայում, Ադանայում, Չանաքքալեում և Անթալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Շըրնաքում հրդեհը բռնկվել է քաղաքին հարակից Ջուդի կոչվող սարի անտառներում: Միանգամից 7 կետում բռնկված ու շարունակվող հրդեհը մարել չի հաջողվում, քանի որ տարածքը դժվարամատչելի է: Հաղորդվում է, որ զինվորականները հրդեհը մարել ցանկացող կամավորներին ու Շըրնաքի անտառտնտեսության աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ այրվող օջախներին՝ որպես հիմնավորում նշելով դրա վտանգավորությունը:
Բուրսայում էլ հրդեհը բռնկվել է նահանգի Քեստել շրջանին հարակից անտառապատ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել: Նշվում է, որ այստեղ Բուրսայի քաղաքային հրշեջ ջոկատներն ու անտառային գործերի վարչությունը աշխատանքներ են սկսել հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ:
Ադանայի Փոզանթը շրջանի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել են և՛ մեծ թվով հրշեջներ, և՛ հրդեհաշիջման տեխնիկա, այդ թվում՝ 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 30 հրշեջ մեքենա, 15 հրշեջ տանկ, 7 հատուկ տեխնիկա և 200 հրշեջ:
Չանաքքալեում հրդեհը բռնկվել է Գալիպոլի շրջանի Քավաքյոյ գյուղաքաղաքի Քալաֆեթ գյուղի հարակից անտառներում: Հաղորդվում է, որ այս հրդեհները մարելու համար նույնպես մեծ թվով հրշեջներ ու տեխնիկա է ուղարկվել:
Անթալիայում հրդեհը բռնկվել է նախօրեին Աքսու շրջանում: Նշվում է, որ այստեղ ևս զգալի թվով հրշեջներ են ներգրավվել հրդեհը մարելու աշխատանքներում: Ներգրավված է նաև մեկ հրշեջ ուղղաթիռ: Տեղի ֆերմերներն էլ են մասնակցում մարման աշխատանքներին՝ թույլ չտալու կրակի տարածումը դեպի իրենց ջերմատնային տնտեսություններ։