Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներկայացրել է «Ինը քայլ դեպի արդարություն» ծրագիրը, որը նա մտադիր է կիրառել այն դեպքում, եթե իշխանության գա Վրաստանում: Այս մասին գրում է Kommersant.ru-ն:
Ավելի վաղ հարևան երկրի ընդդիմությունը Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել էր երկրի վարչապետ դառնալ, եթե հոկտեմբերին հաղթեն ընտրություններում:
Միաժամանակ, Միխեիլ Սաակաշվիլին իր կուսակցության հաղթանակի դեպքում խոստացել է հակամարտության մեջ չմտնել Ռուսաստանի հետ:
«Մեր նպատակը Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելը չէ: Մեր նպատակը ներքին խնդիրների ճիշտ լուծումն է, և մենք դա կանենք: Այժմ անհրաժեշտ է երկիրը դուրս բերել ճահճից, այլ ոչ թե հակամարտության մեջ մտնել ինչ-որ մեկի հետ»,- նշել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահն ավելացրել է. «Ես այլևս այն Միշան չեմ, որ էի: Դա և՛ լավ է, և՛ վատ: Ինչ-որ առումով դա լավ է, քանի որ այն յոթ տարին, որ ես Վրաստանում չեմ եղել, խորհելու և վերագնահատելու համար բավականաչափ ժամանակ էր»: