Մեկ տաբատ, երկու վերնաշապիկ, մի զույգ կոշիկ կամ շրջազգեստ. սովորաբար նման բաներ են գողանում խանութներից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները վերլուծել են Երևանի առևտրի կենտրոններում գործող խանութներից կատարված գողությունները և ստացել հետևյալ պատկերը. 2012-2019 թվականներին տնտեսվարողներին պատճառվել է ընդհանուր առմամբ 22,6 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է 15,5 միլիոնը: Այս տարի գրանցված նման գողությունների ամփոփ պատկերը դեռ չկա, միայն ասենք, որ հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է 90 դեպք, բացահայտվել՝ 78-ը:
Հետաքրքիր պատկեր է ըստ տարիների: 2012-13 թվականներին մոլերից կատարված գողության փաստերով հարուցվել է մեկական քրգործ, 14-ին` արդեն 24, 15-ին` 48, 16-ին`61, 17-ին` 68 գործ: 2018-19 թթ. թիվը սկսել է նվազել՝ կազմելով համապատասխանաբար` 63 և 46: Ընդ որում՝ դատարան ուղարկված գործերով փաստացի ազատազրկվել են միայն ինը քրեական գործով, մնացած դեպքերում կիրառվել է համաներում, կամ տուժողները հրաժարվել են հաղորդում տալուց, շատ դեպքերում էլ դատարանը նշանակել է տուգանք: Գուցե նաև այս հումանիստական մոտեցումն է պատճառ, որ նման հանցագործությունները կտրուկ չեն նվազում:
2012 թ. առ այսօր մոլերից կատարված հափշտակությունների դեպքերով` գողություն և կողոպուտ, քննվել է 370 քրեական գործ 369 անձի նկատմամբ, նրանցից 269-ը տղամարդ է, 100-ը` կին: Եթե հաշվի առնենք գողոնի գայթակղիչ տեսականին` կանանց թիվն այնքան էլ մեծ չէ: 39 գործով հափշտակությունները կատարվել են խմբով:
Խմբով գործելու նպատակն էլ պարզ է. սովորաբար մեկը շեղում է վաճառողի ուշադրությունը, մյուսը` գողանում ապրանքը: Ընդհանրապես, նման գողությունները հնարավոր են միայն վաճառողի անուշադրության պայմաններում: Այս թերությունը վերացնելու և նոր դեպքերը կանխելու նպատակով, նաև ոստիկանության հորդորների արդյունքում, գրեթե բոլոր խանութները կահավորվել են տեսահսկող սարքերով, որոնց ուշադրությունն անհնար է շեղել: Բացի այդ, ոստիկանությունը մշտապես ծառայություն է իրականացնում մարդաշատ վայրերում և դրանց մոտակայքում, իսկ մոլերը հենց այդպիսի վայրեր են: