Սեպտեմբերի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը` նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ, հյուրընկալել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներին: Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից:
Դատական իշխանության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն էր:
Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:
IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրին դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:
Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացել են վերը նշված ծրագրերին առնչվող՝ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը: