Պատերազմից տասնամյակներ անց էլ Արցախում ականներ են պայթում: Մարտական գործողություններից հետո բնակավայրերն ու դրանց մոտ տարածքները հիմնականում ականազերծվել են, բայց Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրենն ասում է՝ ազատագրված հողերում դեռ շատ անելիք կա:
Սամվել Պետրոսյան (Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն) - Սակրավորական գործում ոչ ոք չի կարող ասել, թե մեկ հեկտարը երբ կարող ես մաքրել: Ահագին նրբություններ կան: Չես կարող ժամկետներ ասել, քանի որ անգամ երկաթի դեպքում մեր սակրավորն աշխատում է այնպես, ինչպես ականի դեպքում:
Նորաստեղծ հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն են: Գիտելիքներն են ամրացնում: Օրեր անց մեկնելու են Մարտակերտի շրջան, որ շինարարությունից առաջ ականազերծեն 20 հազար քառակուսի մետր տարածք։ Նոր ջրագիծ է կառուցվելու:
Էրիկ Վարդանյան (սակրավորական թիմի ավագ) - Շատ բան չկա սովորեցնելու: Հաշվի առնելով, որ մեր սակրավորներն այս գործում փորձ ունեն, մենք անցկացնում ենք կարճատև ուսումնական դասընթացներ, որից հետո կգնանք իրական ականադաշտ:
Հումանիտար ականազերծման կենտրոնի հիմնադիրներն ականազերծման ոլորտում տարիների փորձ ունեն: Համախմբվել են հիմնադրամի շուրջ, որ կրկին մարդկային կյանքեր փրկեն, նաև նպաստեն Արցախի տնտեսական զարգացմանը:
Արարատ Ներսեսյան (նյութատեխնիկական գծով պատասխանատու) - Ներկա պահին համալրված է և՛ հետախուզական խումբը, և՛ սակրավորական խումբը, բայց հետագայում զարգացման համար մեզ պետք են նյութական միջոցներ: Դիմել ենք տարբեր բարերարների, մեր հայրենակիցներին տարբեր երկրներում: Սպասում ենք:
Հումանիտար ականազերծման կենտրոնի առաջին գործընկերը Արցախի կառավարությունն է: