Այսօր Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Ֆինանսատնտեսագիտական վարչությունների պատասխանատու պաշտոնյաներն ու մասնագետները:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը մատնանշել է 3 հիմնական ուղղություններ, որոնք առաջնային են և ողջ ուսումնական տարվա ընթացքում լինելու են մարզային իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում:
Առաջինը վերաբերվում է համավարակի պայմաններում կրթական գործընթացի պատշաճ և անխոչընդոտ կազմակերպման անհրաժեշտությանը:
Այս ուղղությամբ Ա. Ավետիսյանն ընդգծել է հատկապես դպրոցների տնօրենների աչալրջության և հետևողականության կարևորությունը՝ նշելով, որ մարզպետարանի կողմից ամենօրյա և ամենժամյա մշտադիտարկումներ են իրականացվելու՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ հանրակրթական հաստատություններում տիրող իրավիճակի վերլուծության նպատակով:
ոխմարզպետն անդրադարձել է նաև այս տարվանից մեկնարկող համընդհանուր ներառական կրթության գործընթացին և դպրոցների տնօրեններին հանձնարարել՝ առավելագույն ջանքեր ներդնել՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ներգրավումը սահուն և անցնցում իրականացնելու նպատակով:
Մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի Կոտայքի մարզպետարանը ռեկորդային թվով՝ շուրջ 500 մլն դրամ է հատկացրել՝ մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Քննարկվել են նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները.Առնակ Ավետիսյանը հանձնարարել է տնօրեններին՝ հսկողության ներքո պահել մեկնարկած շինաշխատանքների որակյալ կատարումը և սահմանված ժամկետների խստիվ պահպանումը:
Հագեցած օրակարգով խորհրդակցության ընթացքում մատնանշված ուղղություններից բացի, տնօրենների կողմից հնչել են հարցեր, որոնք պարզաբանվել են մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների կողմից:
Հանդիպման ընթացքում կարևոր արձանագրում է եղել. մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին, իսկ հընթացս հանդիպող խնդիրները ըստ տարածաշրջանների կքննարկվեն ամենամսյա խորհրդակցությունների շրջանակներում: