«Մեզ ասել են, որ վիրուս կա ու մաման էլ գործի չի գնում, բայց մենք էլ, որ սկայպով խոսում ենք պապայի, մորքուրի հետ իրենք ուրիշ երկրում են, իրենք ասացին՝ այ մարդ, ոչ մի վիրուս էլ չկա»։
Փոքրիկ հերոսուհու նամակն է պարետին. «Զանգակը» հավաքել ու մեկ գրքում է ամփոփել երիտասարդ գրողների կորոնապատմվածքները. սա ժողովածու է՝ գրական պատում համավարակի մասին՝ համեմված մի պտղունց հումորով, քովիդյան ապրումներով և ուտոպիական պատմություններով:
Հայկ Համբարձումյան, Հրատարակչության գրական ծրագրերի համակարգող - Աշխատել ենք գրքում ընդգրկել ստեղծված իրավիճակը հնարավորինս ամբողջականորեն ներկայացնող ստեղծագործություններ՝ թե՛ ընտանեկան դրությունը, թե՛ բժիշկներն առաջնագծում, որոնք պայքարում էին այս ամբողջ ընթացքում, բայց ինձ համար շատ կարևոր է, որ ընթերցողներն ընկալեն այն մեծ մարդասիրությունը, որը կա այստեղ:
120 պատմվածքից դժվարությամբ, բայց մասնագիտական ժյուրին ընտրել է լավագույն 20-ը։ Կարևոր պայման էր՝ ապահովելով գեղարվեստական որակը, գրել կորոնահույզերի ու մեկուսացման ապրումների մասին: Գրքի խմբագիրն ասում է՝ պատմվածքները հաջողված են, մտածում են նաև համագործակցության շարունակության մասին:
Հայկ Համբարձումյան, Հրատարակչության գրական ծրագրերի համակարգող - Որոշակի թարմացում տեսանք այստեղ, թարմ ուժեր, նոր դեմքեր տեսանք, որոնք, իսկապես, կարող են հավակնել ապագայում նաև մեր արդի գրականության մեջ ինչ-որ նոր շունչ բերելուն:
Մասնագիտությամբ լեզվաբան Աննան գրական ասպարեզում նորեկ չէ: Բազմաթիվ պատմվածքների հեղինակ է, անկեղծանում է՝ գրել է տարբեր երևույթների մասին, բայց որ նամակ կգրեր, այն էլ պարետին, և նույնիսկ Քովիդի մոտիվներով, երբևէ չէր պատկերացնի:
Աննա Հարությունյան, մրցույթի մասնակից - Պատմվածքն սկսել եմ գրել շատ սպոնտան. «Բարև ձեզ, հարգելի պարետ, ես Աննան եմ և շուտով խելքս կթռցնեմ, գրում եմ այս նամակը բոլոր այն մայրերի անունից, որոնք այս պահին փորձում են հասկանալ` ինչ անել, որ հեռավար ուսուցում կոչվածը չդարձնի նրանց դաժան մայր, ոչ ադեկվատ հարևան և վահանաձև գեղձի կարկառուն ախտանիշներով պոտենցիալ պացիենտ»։
Չխմբագրված նամակները կտան պարետ Տիգրան Ավինյանին, թե ոչ, գրականագետ Հայկ Համբարձումյանը դժվարանում է պատասխանել, բայց թեմայի շրջանակում ավելի յուրահատուկ տարբերակ են մտածել:
Հայկ Համբարձումյան, Հրատարակչության գրական ծրագրերի համակարգող - Նամակի ձևով այս գիրքը կուղարկենք պարետին՝ կարծում եմ շատ հետաքրքիր բաներ կարող է գտնել պարոն Ավինյանն այստեղ:
Գրքի առաջին հրատարակությունը 500 օրինակով է՝ փափուկ կազմով ու խորհրդավոր շապիկով. միանգամից նկատվում է արտակարգ դրության օրերը հիշեցնող դատարկ հրապարակը. հրատարակիչը լավատես է՝ նոր արձակը եթե ոչ հիմա, ապա տարիներ հետո կդառնա կորոնավիրուսի մասին պատմող առաջին հայկական գեղարվեստական գրականությունը։