ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական բաժնից հաղորդում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը 2019 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում` իր տան դիմաց, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած, ապօրինի կերպով պահած հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքի հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ դեռևս 2019 թ. դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2020 թ. սեպտեմբերի 8-ին հետախուզման մեջ գտնվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, կալանավորվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: