«Որ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վերածվել է ֆարսի՝ արդեն տարիուկես բոլորս համոզվում ենք»,- հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով դատավարությանը:
«Ռոբերտ Քոչարյանը հիմա փոխանակ գնա դատաքննական փուլ և իրեն առաջադրված մեղադրանքները, նաև՝ զինվորականների՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի մեղադրանքների բացատրությունները կարողանա դատաքննության ընթացքում կա՛մ հերքել, կա՛մ ապացուցվեն, վերցրել է այլ տակտիկա. իրավական գործընթաց՝ խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով:
Եվ ոնց որ թե՝ դատավորին դա սկսել է արդեն դուր գալ այն աստիճանի, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասա. «Երեքշաբթի օրերը ես իմ օրակարգից ջնջել եմ»:
Ինքը մի տարօրինակ բան էլ ասաց. «Ես չեմ հասկանում, թե ինձ ինչի մեջ են մեղադրում»: Այդ դեպքում մեղադրանք կա պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի հասցեին: Ինքը չգիտի՞՝ ինչում են մեղադրում: 0038 հույժ գաղտնի հրամանը օդից է եկե՞լ: Այնպես որ, կա՛մ դատավորը պետք է իրեն ընձեռած իրավասությունների ընթացքում արագ մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին: Նրա քաղաքականություն վերադառնալու լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը: