Լայն իրազեկման ու խիստ վարչարարության շնորհիվ տնտեսվարողների մոտ զգալի նվազել են պարետի որոշումների խախտման դեպքերը: Կարծիքն առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից է: ԱԱՏՄ-ն Երևանում իրականացրել է ամենալայնածավալ ստուգայցը՝ տեսչականի աշխատակիցների 24 խումբ մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել է ամենատարբեր ոլորտներ:
Եթե արտակարգ դրության սկզբում տնտեսավարողների մեծ մասն անտեղյակ էր համավարակի կանխման նորմերին, ու դրանց խախտման հիմքով պարետի որոշմամբ կասեցվում էր ստուգվածների մոտ 50-60 տոկոսը, ապա այժմ խախտումները նվազել են 80 տոկոսով։
Գագիկ Գրիգորյան, ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ղեկավար - Սկզբում մենք մշտադիտարկում էինք 50, 60, 100 տնտեսվարողների: Գրեթե կեսը, կեսից ավելին գնում էր փակման: Իսկ այսօր փակվում են համարյա 7-8, 10 տոկոսն առավելագույնը: Դրա համար կարելի է համարել, որ աշխատանքի արդյունքը հասել է իր նպատակին:
Քաղաքային տրանսպորտում մշտադիտարկումները շարունակել է նաև քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Քաղաքային տրանսպորտը շարունակում է գերբեռնված աշխատել: 24 ժամով կասեցրել են ևս 10 տրանսպորտային միջոցի գործունեություն:
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են վարչական արձանագրություններ։ Վերահսկողական մշտադիտարկումներ են իրականացրել նաև մարզերում: Կրկնայցերը փաստում են, որ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է: Ըստ սննդի անվտանգության տեսչական մարմնի կրկնայցերի, սննդի շղթայի արդեն դիտարկված կազմակերպություններում արձանագրվել են պարետի որոշումներով սահմանված նորմերի խախտումներ:
Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների խստացված ստուգայցերը հայտնաբերել են գրանցամատյանների լրացման շեղումներ, դիմակը ոչ պատշաճ կրելու և օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամաններ չունենալու դեպքեր:
Մայրաքաղաքի այգիներում խախտումների նվազում են նկատել բնապահպանության և ընդերքի տեսչականի մասնագետները: Նրանք հորդորել են սովորական դիմակների փոխարեն կրել գործարանային արտադրության բժշկականը: