Սյունիքի մարզի Տեղ համայնքում մանկապարտեզի խնդիրը առկա էր դեռևս 1992 թվականից, շենքը հիմնովին վնասվել էր հրետակոծության հետևանքով։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում իրականացրել է Տեղի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ է շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ 10 տոկոսը ներդրվել է համայնքի և «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից։
Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։
Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի։