ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։ Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը:
Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող:
Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար, մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև:
Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում: Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք, որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
http://competition.am/uploads/resources/Vo325_01_09_2020.pdf: