Սեպտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։
Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ հինգ տասնյակ տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են կրկին գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դիտարկումներ են տեղի ունեցել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի տաղավարներում, ինչպես նաև մի շարք շինանյութի խանութներում և բենզինի լցակայաններում:
Էական խախտումներ չեն արձանագրվել: Այնուհանդերձ, մի շարք տնտեսվարողներ թերացել են ջերմաչափման գրանցամատյանների վարման հարցում:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։
Նախորդ օրերին արձանագրած խախտումների հիմքով այսօր ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսվարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եվս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում: