Dasaran.am կրթական ծրագիրն իրականացնող «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումը վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մերժել է։ Մի քանի ամիս է՝ Dasaran-ը և ԿԳՄՍ-ն գտնվում են հակամարտության մեջ՝ կապված ԿԳՄՍ-ի կողմից կրթական էլեկտրոնային նոր հարթակի ձևավորման հետ։
ՏՄՊՊՀ ներկայացրած դիմումով Dasaran.am-ի հիմնադիր Սուրեն Ալոյանը հայտնել է, որ 2012-ից սկսած հանրակրթական դպրոցի շահառուներին տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և այլ էլեկտրոնային ծառայություններ, սակայն «պետական միջամտության շնորհիվ փաստացի դուրս է մղվում շուկայից»։ Դիմումատուն ներկայացրել է, որ 2020-ի մարտին ԿԳՄՍ-ի ներքո գործող Կրթական տեխնոլոգիաների ազգայի կենտրոնը «էլեկտրոնային մատյանի ծառայություն է պարտադրել հանրակրթական դպրոցներին»։ «Ընդ որում ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե որևէ պահանջ հանրակրթական դպրոցների համար՝ լրացնել էլեկտրոնային մատյան։ Հետևապես, ուսուցիչները և դպրոցները ազատ են որոշելու, թե որ էլեկտրոնային հարթակներից են օգտվելու և ինչ էլեկտրոնային մատյաններ են օգտագործվելու»,- ՏՄՊՊՀ-ին հայտնել է հասարակական կազմակերպությունը։ Dasaran.am-ը նաև հայտնել է, որ ուսուցիչներին որպես պարտականություն սահմանվել է օգտվել բացառապես Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) Emis.am կայքի էլեկտրոնային մատյանից, ինչով «փաստացի նախարարությունն արգելել է մրցակցությունը այս ոլորտում», իսկ իրենց տնօրինած տեղեկատվությունը թույլ չի տրվում փոխանցել պետական տվյալների բազա և կամ տվյալներ ստանալ այդ բազայից։
Նախարարությունն իր հերթին Հանձնաժողովին պարզաբանել է, որ ԿՏԱԿ-ն ունի կրթության ոլորտի վարչական ռեգիստր վարելու իրավունք, բացի այդ, 2018-ի նոյեմբերից «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակում Հայաստանը հանձն է առել ներդնել կրթության կառավարման միասնական համակարգ, որի բաղկացուցիչ մաս են կազմել նաև էլեկտրոնային մատյանները։ Նախարարությունը նաև հայտնել է, որ պատրաստ է Dasaran.am-ի հետ քննարկել էլեկտրոնային դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման մասին հարցեր, եթե Dasaran.am-ը ներկայացնող «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն ԿԳՄՍ-ին ներկայացնի պետության տրամադրած ֆինանսական միջոցների արդյունավետության մասին տեղեկություններ ու դրանք վկայող փաստաթղթեր։ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել, իսկ Երևան քաղաքի քննչական վարչությունն էլ քննում է քրեական գործ, որը վերաբերում է կազմակերպության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելուն։
ԿՏԱԿ-ն իր հերթին ՏՄՊՊՀ-ին տեղեկացրել է, որ իր կանոնադրությամբ իրավունք ունի վարել էլեկտրոնային մատյան։ Հանձնաժողովը համարել է, որ էլեկտրոնային մատյանների օգտագործումը միայն ԿՏԱԿ-ի միջոցով իրականացնելը կարող է բերել մրցակցության սահմանափակման, քանի որ հնարավոր ձևավորվող ապրանքային շուկայում ԿՏԱԿ-ը կունենա մենաշնորհային դիրք։ ՏՄՊՊՀ-ն, սակայն, որոշել է Սուրեն Ալոյանի դիմումի հիման վրա վարչական վարույթ սկսելու պահանջը մերժել։ Միևնույն ժամանակ, ՏՄՊՊՀ-ն նախարարությանն առաջարկել է դիտարկել «տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը»։