Լոռու մարզում բերքահավաքն ընթանում է մեծ թափով: Ցորենի բերքահավաքն ավարտվել է, արդյունքները բավականին գոհացուցիչ են:
Այս պահին ինտենսիվ կերպով շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը. նախորդ տարիների համեմատությամբ բերքն աննախադեպ առատ է:
Ընթացող աշխատանքներին այսօր ողջ օրվա ընթացքում Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան և Օձուն խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրերում հետևել է Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:
Միայն Յաղդան բնակավայրում խոշոր գյուղատնտես Վռամ Գյուլզադյանը մշակում է ավելի քան 140 հա հողատարածք, արդյունքներից գոհ է: Օգտվում է գյուղատնտեսական ապահովագրությունից, ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա, բերքի մթերման խնդիր ևս չկա: Փոխմարզպետը զրուցել է աշխատանքներին մասնակցող գյուղացիների հետ: Օրավարձը կազմում է 4000-5000 դրամ, զբաղվածությունը սեզոնում 2-3 ամիս է: Մարդիկ կան, ովքեր այս գործով զբաղվում են 18-20 տարի:
«Մարզում գյուղատնտեսության ապագան ապահովագրական համակարգի ներդրումն է և նորարարական մոտեցումները: Խոշոր գյուղատնտեսների օրինակը, կարծում եմ, վարակիչ կարող է լինել նաև մյուսների համար: Նմանատիպ այցերի միջոցով հանրությանը հնարավոր է լինում ներկայացնել, որ գյուղատնտեսությունը լուրջ եկամտաբեր բիզնես կարող է դառնալ, եթե նվիրվածություն, աշխատասիրություն և պրոֆեսիոնալ մոտեցում լինի:
Կարևոր է նաև, որ զբաղվածության խնդիր է լուծվում ու հիմա էլ աշխատուժի պահանջարկ կա»,- իր խոսքում նշել է Գայանե Մարկոսյանը:
Այցելության պահին տարածքում տեղադրվեց և փորձարկվեց 25-րդ հակակարկտային կայանը: Ինչպես նշել է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, հաջորդ տարի նախատեսում են տեղադրել ևս 6-7 կայան և, այդպիսով, ամբողջական պաշտպանիչ ցանց ստեղծել՝ լիարժեքորեն ապահովագրելով մշակովի հողատարածքները կարկտահարությունից:
Համայնքն նաև ունի անհրաժեշտ գյուղտեխնիկա՝ բոլոր տիպի գյուղատնտեսական աշխատանքները լիարժեքորեն իրականացնելու համար: Որպես խոշորացված համայնք՝ Լոռի Բերդը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել 2 կոմբայն, սուբվենիցոն ծրագրերով՝ «Բելառուս» մակնիշի 4 տրակտոր, գյուղգործիքներ և այլն: Այս ամենի շնորհիվ համայնքի մշակովի հողատարածքների ծավալները մոտ 2 տարվա ընթացքում 900 հա-ից դարձել են 1400-1500 հա: Հաջորդ տարի այդ ցուցանիշը, համայնքի ղեկավարի վստահեցմամբ, կհասնի 2000-ի:
Արևածագ համայնքում ևս գոհ են բերքահավաքի արդյունքներից: Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի վստահեցմամբ, մշակովի հողատարածքները տարեցտարի ավելանում են՝ շնորհիվ թե՛ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի, թե՛ ենթակառուցվածքների բարելավման: Նպաստավոր հանգամանք է եղել նաև այն, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներն այս տարի մնացել ու մաշել են իրենց հողամասերը, առատ բերք ստացել: Բնակիչներից շատերն անգամ տնամերձ հողամասերից են առատ բերք ստանում, ցանում տեղանքին ոչ բնորոշ մշակաբույսեր:
Օրինակ, Արևածագի բնակիչ Մարջիկ Հովհաննիսյանը որդու հետ տնամերձ հողատարածքում առատ բերք է ստանում գրեթե բոլոր տեսակի մշակաբույսերից, անգամ ձմերուկ և սեխ: Նա վստահ է, որ Լոռու հողերն ամենաբերքառատն են, բերքը՝ ամենահամեղը, և կոչ է անում գյուղացիներին լինել աշխատասեր ու սիրել հողը: Բերքահավաքի արդյունքները մարզում կամփոփվեն հոկտեմբերի սկզբին, մինչդեռ այսօր արդեն կարելի է վստահ լինել. տարին հիմնականում բերքառատ է: