Հայաստանը մոտ ապագայում կունենա չորս СУ-25СМ3 կործանիչ: Համաձայն ռուսական կողմի հետ ստորագրած փաստաթղթի՝ այս փուլում Հայաստանի զինված ուժերի 14 СУ-25-ից 4-ը կարդիականացվի: Հնացած սարքավորումների զգալի մասը կփոխարինվի, ինչի արդյունքում կբարձրանա ինքնաթիռի կիրառման հնարավորությունը և մարտունակությունը:
СУ-25 արդիականացումը ենթադրում է էլեկտրոնային-օպտիկական համակարգերի փոխարինում: Նորացումից հետո կործանիչը հնարավորություն կունենա թիրախին հայտնաբերել 6-8 կիլոմետր հեռավորությունից՝ ավտոմատ ռեժիմով: Կտեղադրվի «Վիտեբսկ» համակարգը, որը թույլ կտա արդյունավետ պաշտպանվել զենիթահրթիռային համակարգերից: Կարդիականացվի նաև նշանառության-նավիգացիոն համակարգը, ինչը թույլ կտա բավականին ճշգրիտ ռմբակոծել միջին տարածությունից:
Արդիականացման արդյունքում СУ-25СМ3 ինքնաթիռները «երկինք-մակերես» տեսակի հրթիռների արդյունավետ կիրառման հնարավորություն կստանան:
Լեոնիդ Ներսիսյան, ռազմական փորձագետ - Այս սարքավորումների արդիականացումը թույլ կտա ստանալ 14 ժամանակակից հարվածային ինքնաթիռ՝ 14 ինքնաթիռի փոխարեն, որոնք փաստացի միայն թղթի վրա գոյություն ունեին, իսկ իրական ռազմական գործողություններում դրանց օգտագործումն անհնարին էր:
СУ-25СМ3-ի նշանակությունը բարձրանում է` հաշվի առնելով ժամանակակից բազմաֆունկցիոնալ ՍՈՒ-30 կործանիչների առկայությունը հայկական զինված ուժերում: Ապագայում հայկական կողմը մտադիր է արդիականացնել բոլոր СУ-25 ինքնաթիռները:
Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ - Արդիականացումը թույլ է տալիս շատ ավելի գործողություններ իրականացնել և շատ ավելի անխոցելի դարձնել ինքնաթիռը:
СУ-25 ինքնաթիռներից զատ` Հայաստանն ունի 4 СУ-30СМ կործանիչ: Դրանք թույլ են տալիս զգալի ընդլայնել ռազմական հնարավորություններն օդում: Տարածաշրջանում նման հնարավորություններով զինատեսակ Հարավային Կովկասի երկրներից ունի միայն Հայաստանը:
Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ - Ադրբեջանը չունի, եթե ունենար, վերջին զորավարժությունների ժամանակ կցուցադրեր:
Ընդհանուր առմամբ` Հայաստանը պետք է ստանա 12 СУ-30СМ, ինչը շոշափելի կփոխի ուժերի դասավորությունն Ադրբեջանի հետ: Վերջին տարիներին Երևանը փորձում է նոր մակարդակի բարձրացնել ռազմաօդային ուժերը: Գործընթացի ավարտին օդում Հայաստանի հարվածային ներուժը բաղկացած կլինի 12 СУ-30СМ և 14 СУ-25СМ3 կործանիչներից:
Լեոնիդ Ներսիսյան, ռազմական փորձագետ - Երբ Հայաստանն այդ ամենը ստանա, հնարավոր կլինի խոսել լուրջ առավելության մասին, քանի որ այդ տեսակի ոչ մի կործանիչ Ադրբեջանը չունի. Բաքուն ունի մինչև 40 СУ-25 ինքնաթիռ: Դա լուրջ թիվ է, սակայն որակապես դրանք զգալի զիջում են, քանի որ բազային վիճակում են:
Լեոնիդ Ներսիսյանը նշում է՝ ավիացիայի կիրառումը հնարավոր հակամարտության դեպքում, չնայած ռելիեֆին, բավականին մեծ է: Լայնամասշտաբ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում հայկական օդուժը հնարավորություն կունենա ավիացիան կիրառել հակառակորդի թիկունքում: