Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստան-Էստոնիա խաղից առաջ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը տնային հանդիպում է անցկացնելու:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մեր ընտրանին ուժերը կչափի Էստոնիայի հավաքականի հետ։
Ստեղծված համաճարակային իրավիճակում ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Ազգերի լիգայի առաջին երկու տուրերի բոլոր հանդիպումներն անցկացնել փակ դռների հետևում՝ առանց ֆուտբոլասերների։ Առաջին անգամ մեր ընտրանին Հայաստանում խաղալու է առանց իր հիմնական շարժիչ ուժերից մեկի՝ երկրպագուների: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ կուտակումներից «Հանրապետական» մարզադաշտի հարակից տարածքներում և չստեղծել ավելորդ լարվածություն։
Ամեն դեպքում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար ձեր աջակցությունը մեծ նշանակություն ունի, և առաջարկում ենք աջակցության հեռավար միջոց՝ սոցցանցերում տեղադրել ձեր մասնակցությամբ լուսանկար կամ տեսահոլովակ՝ Հայաստանի ազգային հավաքականի շապիկով և օգտագործելով #wesupportArmenianNT: Նշենք նաև, որ Էստոնիայի հետ խաղում մեր ազգային հավաքականը խաղալու է տնային՝ կարմիր մարզաշապիկներով, և ցանկալի է, որ հեռավար աջակցության համար օգտագործվի հենց կարմիր գույնը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեր երկրպագուներից պատահականության սկզբունքով կընտրի մեկ հաղթող, որը կստանա արժեքավոր նվեր»: