Բորիս Եղիազարյանն Արմավիրի ամենաշատ խաղող արտադրող ֆերմերներից է։ 35 հա այգուց ստանում է մինչև 700 տոննա խաղող։ Տարիներ շարունակ իր աճեցրած բերքը հանձնել է միանգամից մի քանի վերամշակող ընկերությունների։ Համագործակցության արդյունքում 700 տոննա խաղողն ամբողջությամբ իրացրել է։ Հիմա մթերող ընկերություններից ասել են, որ կիսով չափ նվազեցնում են ընդունվող խաղողի ծավալը։
Բորիս Եղիազարյան (ֆերմեր) - Մինչև 700 տոննա խաղող եմ ունենալու, որից 450 տոննան ընդունեն, մնացածը մնալու է։ «Արարատ» կոնյակում ունեցել եմ 220 տոննայի պայմանագիր, էս տարի թողել են 100 տոննա, մյուսում ունեցել եմ 450 տոննա, թողել են 300։
Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում չեն կիսում ֆերմերի մտահոգությունը։ Տնօրենն ասաց՝ կապված բերքատվությունից ու որակից՝ պայմանագրով նշված թիվը պետք է փոխվի։
Արտյոմ Սարգսյան (Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն) - Կլինեն դեպքեր, որ նշված պայմանագրից կգնվի ավելի շատ խաղող, և կլինեն այլ դեպքեր, երբ նշված պայմանագրից կգնվի ավելի քիչ՝ հաշվի առնելով հասունացումը, բեքատվությունը։
Վարդան Հարությունյան - Կոնյակի գործարանը 150 դրամով է ընդունում էդ 30 տոննան, իսկ մյուսները՝ 140 դրամով։
Վարդան Հարությունյանն էլ գործարաններին ամեն տարի 60 տոննա խաղող է հանձնել։ Այս տարի ավելի շատ բերք է ստացել՝ 130 տոննա, բայց գոհ չէ։ Իր պայմանագրում էլ 30 տոննա է նշված, բացի դա՝ դժգոհ է գործարանի առաջարկած գնից։ Ասում է՝ 1 կգ խաղող աճեցնելու համար, ներառյալ այգեկապ, բուժանյութեր ու ոռոգում, մոտ 135 դրամ են ծախսում։ Վերամշակող ընկերությունում զարմացան, որ իրենց առաջարկած 155 դրամը ֆերմերին չի գոհացնում։
Արտյոմ Սարգսյան - Նախորդ տարվա հետ համեմատ, այս տարի 150-ի փոխարեն դարձել է 155, ավելացել է 5 դրամով, որի մասին տեղյակ են եղել մեր հետ պայմանագիր կնքող բոլոր խաղողագործները։ Գինը չի փոխվելու, անկախ շաքարայնությունից և այլն։
Հայաստանում այգեգործությունը զարգացնելու նպատակով ֆերմերներն անցած տարի դասընթացների մասնակցեցին, անտոկոս վարկեր ստացան՝ որթատունկերն ավելացնելու համար։ Միայն Ակնալիճում 150 հա նոր այգի հիմնեցին։
Շատերն էլ նոր վարկեր վերցրին՝ կաթիլային ոռոգման, մշակության ավելի արդյունավետ միջոցների համար։ Միայն Ակնալճում այս տարի սպասվածից 1500 տոննայով ավելի խաղող կա։
Երևանի կոնյակի գործարանը պատրաստ է մինչև 25 հազար տոննա խաղող մթերել՝ բոլոր մասնաճյուղերից։