42-ամյա կինն արդեն տասն օր կյանքի ու մահվան կռիվ է տալիս: Մկանային, կրծքավանդակի, որովայնի սուր ցավերից հետո կորցրել է տեսողությունը: Առաջին հետազոտություններն ու КТ սարքը անատոմիական որևէ խնդիր չեն բացահայտել:
Իրինա Մալխասյան (ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար) - Հանկարծակի կարդիոմոնիթորի վրա գրանցվեց դանդաղ սրտի ռիթմ, հետո վերածվեց սրտի կանգի:
Բժիշկներին հաջողվել է վերականգնել սրտի աշխատանքը: Հետո միացրել են արհեստական շնչառության սարք: Սպիրտային թունավորումով մեկ տասնյակից ավելի հիվանդ են ունեցել, ցավոք, նաև մահվան ելքով:
Իրինա Մալխասյան - Կլինիկորեն դրվեց դիագնոզ՝ սուր թունավորում և թունավորում մեթիլենային սպիրտով:
Նույն գանգատներով ևս երկու քաղաքացի են ընդունել, երկուսն էլ մահացել են: Տան անդամները պատմել են, որ դեղատնից են սպիրտ գնել, ջրով բացել և խմել: Իրինա Մալխասյանի խոսքով՝ ախտանշանները երկու օր անց են ի հայտ եկել, ուշ են բերել հիվանդանոց: 42-ամյա կինն էլ անգիտակից վիճակում է, ծայրահեղ ծանր: Սրտի աշխատանքն ապահովում են դեղերով: Նա էլ մեկ այլ դեղատնից է օգտվել, աշխատանքի վայրում սպիրտը բացել է ջրով և խմել:
Իրինա Մալխասյան - Բազմիցս դիմել ենք իրավապահ մարմիններին, դատական բժշկության ծառայություններին, մեր պացիենտի մոտ չեն հետազոտվել արյունը, մեզը, այդ թույնը ապացուցելու համար:
Անցած շաբաթ Հայաստանում արձանագրվել էր ալկոհոլային թունավորման 46 դեպք, 17-ը՝ մահվան ելքով: 29-ը Արմավիրի մարզում էր, մահացավ 9-ը մարդ, 15-ը Երևանում՝ ունեցանք 7 մարդկային կորուստ, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել Արմավիրում տանը մշակած օղուց, պարզել բաղադրությունը: Մեթանոլը տեխնիկական սպիրտն է, որը նախատեսված չէ խմելու ու բժշկական նպատակով օգտագործման համար:
Վահե Դանիելյան (ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ) - Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ մեծ քանակի մեթիլ սպիրտի պարունակություն կա տվյալ խմիչքների մեջ, անթույլատրելի քանակություն:
Հայաստանի ամբողջ տարածքում տեսչական մարմինն իրականացնում է ալկոհոլային խմիչքների խիստ վերահսկողություն, պարզելու՝ իրացման ցանցում առկա՞ է արդյոք ոչ գործարանային արտադրության խմիչք: Խոշորացույցի տակ են 350 տնտեսվարողներ, որոնք զբաղվում են ալկոհոլային խմիչքի սպառմամբ:
Վահե Դանիելյան - Մենք ֆիքսվել ենք գյուղական, քաղաքային այդ խանութների վրա, որտեղից որ հավանական է, որ իրացվի տվյալ տեսակի արտադրությունը
Արմավիրի բնակիչների թունավորման դեպքով քննվող քրեական գործով 3 անձ կալանավորված է: Մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք իրացնելու կասկածանքով:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքը ձեռք են բերել նույն քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանից:
Արմավիրի դեպքից բացի, մյուս բոլոր թունավորումների պատճառը եղել է դեղատներից գնված բժշկական սպիրտի օգտագործումը: Դեռ պարզ չէ Արմավիրում ինը մարդու մահվան պատճառ դարձած օղին թորա՞ծ էր, թե՞ ջրով բացված սպիրտ: Պարզ չէ նաև՝ դեղատներում վաճառվող բժշկական սպիրտի մեջ մեթանոլ կա՞, թե՞ ոչ: