Բուհերի որոշ ֆակուլտետներում, ինչպես և սպասելի էր, թափուր տեղեր են մնացել: Օրինակ՝ մանկավարժական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ դիմող չի եղել, իսկ քիմիկոս դառնալու ցանկություն է հայտնել ընդամենը 4 դիմորդ: Ընդհանուր առմամբ, երիտասարդներն անտարբեր են բնագիտական առարկաների նկատմամբ:
Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան - Հիմա եկեք բացենք այս մեր լավագույն մեծ լսարաններից մեկն ու այստեղ իմ ժամանակներում, երբ ես էի ուսանող, լեփ-լեցուն էր ու Ֆիզիկայի ֆակուլտետում կար 250 ուսանող: Այս տարի 60 տեղի համար ունեինք 31 ուսանող, սա, իհարկե, ահազանգ է:
Ահազանգը դեռ տասը տարի առաջ էր, երբ բնագետներն առաջինը բարձրաձայնեցին՝ իրենց մասնագիտությունում թափուր տեղեր են մնում: Այս տարի Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետ ընդունված 31 ուսանողից 21-ն անվճար է սովորելու. դեկանը հայտնեց՝ երկու հոգի էլ 8 միավորով է ընդունվել: Դիմորդների թվի նվազեցման պատճառներից մեկն էլ, ըստ պրոֆեսոր Հակոբյանի, դպրոցում է: Դեկանը խոստովանում է՝ վիճակը վատ է, բայց նաև գիտի, թե ինչպես փոխել այն.
Ռաֆիկ Հակոբյան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան - Առաջին՝ պետք է երիտասարդացնել ֆակուլտետը, երկրորդ՝ նոր ծրագրեր, նոր մասնագիտություններ մտցնել և երրորդ՝ եղած ծրագրերը պետք է թարմացնել ու արդիականացնել:
Եթե Պետհամալսարանում այս ֆակուլտետը թեկուզ ոչ մեծ, բայց ամբողջական կուրս է ձևավորել, Մանկավարժականն այս տարի պատմության մեջ առաջին անգամ Ֆիզիկայի ֆակուլտետում առաջին կուրսեցի չի ունենա. նույնիսկ դիմորդներ չեն եղել: Գրեթե նույն վիճակն է նաև քիմիայի ֆակուլտետում: Քիմիկոս մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնել ընդամենը 4 դիմորդ.
Արթուր Թադևոսյան, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար - Այդ խնդիրը տարիներ շարունակ շարունակվել ու հասել է դպրոց: Այսինքն՝ հիմա դպրոցում կոնկրետ պակասություն է զգացվում ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչների: Փաստ է, որ տարիներ շարունակ այս տենդենցը կա, որ այս մասնագիտություններով դիմորդները քիչ են լինում, ընդունվողները՝ նույնպես:
Դիմորդների խնդիր երբևէ չունեցած Բրյուսովի անվան համալսարանը նույնպես նախկինում մեծ հեղինակություն վայելող ֆրանսերենի ու գերմաներենի մասնագիտություններում այս տարի չի լրացրել անհրաժեշտ տեղերը: Պրոռեկտոր Մարգարյանի համոզմամբ՝ պատճառն այն է, որ այս բաժինների համար այս տարի պարտադիր է եղել մասնագիտական քննությունը.
Բելլա Մարգարյան, Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր - Տասական թափուր տեղ ունեցանք բոլոր մասնագիտություններով՝ ֆրանսերեն, գերմաներեն և նաև ռուսերենի առումով: Սա կապում ենք հիմնականում նրա հետ, որ նախորդ տարիներին ֆրանսերեն և գերմաներեն բաժինները նույն մասնագիտության, ընդունվում էին նաև անգլերեն լեզուն հանձնելով:
Խնդիրների կողքին պրոռեկտորը նաև դրականն է նկատում: Լեզվահասարակագիտական համալսարան նախորդ տարվա համեմատ 400-ով ավելի ուսանող է ընդունվել: Պրոռեկտոր Բելլա Մարգարյանի համոզմամբ՝ պատճառն ամենևին մեկ միասնական քննությամբ ընդունելությունը չէ: Հակառակ օրինակ է բերում՝ առաջին անգամ բուհում ապագա լրագրողների ու քաղաքագետների միջև ընդունելության լուրջ մրցակցություն է եղել: