Սեպտեմբերի 3-ին, ժամը 22:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել: Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկաններն արձանագրել էին որտեղից, ինչ ախտորոշմամբ է քաղաքացին հիվանդանոց դիմել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզներն անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Հաղորդումից մեկ օր անց պարզվել են ոչ միայն դեպքի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, տուժողը մարմնական վնասվածքն ստացել էր Բաբաջանյան փողոցի պանդոկում ծագած վեճի հետևանքով: Խմբային վեճը ծեծկռտուքի էր վերածվել, որի ժամանակ էլ նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ դանակահարել էր նրան:
Սեպտեմբերի 4-ին կասկածյալը Վերին Շենգավիթի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: