Ֆինանսիստներն այս փուլում չեն հասցնում տնտեսական ցուցանիշ կանխատեսել, թիվը կորոնան փոխում է: Վիրուսը ղեկն իր ձեռքն է վերցրել, դրայվերը առողջապահական համակարգն է՝ ասում են Կենտրոնական բանկում: Սպասում՝ հիմա էլ դպրոցները բացվեն:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Հուսանք, որ առողջապահական սցենարի վատթարացում չի լինի դպրոցների վերսկսման հետ կապված:
Եթե համաճարակային վիճակը չվատանա՝ աշնան կեսերին վարկավորումը կակտիվանա,- վստահ է Գլխավոր դրամատան ղեկավարը: Վստահ է նաև, որ իրավիճակից անկախ` բանկերը չեն կարողանա շարունակել վարկային արձակուրդը: Պարտքի տոկոսը չգանձեն՝ ավանդի տոկոս վճարելը կդժվարանա, կվտանգեն ամբողջ համակարգը:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Որովհետև հակադարձ հայցը լինելու է, մենք էլ կարող ենք ավանդները չվերադարձել: Մենք էլ ենք դժվարության մեջ, մենք էլ ենք տնտեսվարող սուբյեկտ, բարեգործական հիմնադրամ չենք: Այդ միֆն էլ կա, որ բանկերը չաղ, հարուստ են, անընդհատ փող աշխատող կառույցներ են:
Հաշվել են. վարկային արձակուրդի ընթացքում բանկերը հետաձգել են 550 հազար բնակչի և 17 հազար տնտեսվարողի ընդհանուր 1.3 տրիլոնի պարտավորություն, արդյունքում՝ չեն ստացել 100 մլրդ դրամ: Առաջին ճգնաժամին հանքերի հետ վնաս կրեցին, հիմա հյուրանոց-ռեստորանների:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Բանկերը միշտ սիստեմիկ ազդում են բոլոր ճգնաժամերից ու բանկերի շահութաբերությունը խիստ ցածր է Հայաստանում:
Բանկերը լավ օրից չէ, որ չմարած վարկի պատճառով փորձում են տնից զրկել 3 երեխայի միայնակ մորը. սոցիալական նման բողոք-նամակներ Գալստյանն էլ է ստանում: Բայց ասում է՝ ինչպե՞ս եք պատկերացնում՝ Կենտրոնական դրամատան ղեկավարը զանգի այս կամ այն բանկ, միջնորդի, թե որոշ հաճախորդների մեղմ վերաբերվեք: Չի լինելու և. խնդրահարույց վարկերի ծավալն առաջիկայում ավելանալու է:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Դասակարգված վարկերի տեսակաշարար կշիռն այս պահին 6.3 տոկոս է: Մեր գնահատականով՝ վարկային արձակուրդով ու խնդիրներով պայմանավորված` այստեղ, հնարավոր է, ցուցանիշը բարձրանա ու նույնիսկ ավելի բարձր լինի, քան 10 տոկոսը:
ֆինանսական մեր շուկայի վրա կորոնա-ճգնաժամը հետք թողել է, բայց համակարգն ընդհանուր բնութագրում են որպես կայուն, բանկերն իրացվելիության խնդիր չունեն,- գնահատում են Գլխավոր դրամատանը: Այստեղ նույնիսկ՝ վիրուսի վատ ազդեցությունների շարքում սփոփանք-դրական ձեռքբերում են ֆիքսել:
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Մեր դիտարկումներով` լավ բանը անկանխիկի կուլտուրայի ներմուծումն է մեր հասարակության մեջ:
«Եթե իրոք ուզում եք տնտեսությունն աշխուժացնել՝ մի զսպեք գնաճը» խորհուրդ-քննադատության հեղինակներին՝ Գալստյանը հակադարձում է. չեն կարող թույլ տալ՝ կորոնայի ռիսկերին թանկացումներն էլ ավելանան: Վերաֆինանսակավորման տոկոսադրույքի հաջորդ ճշգրտումն, ի դեպ, կլինի եկող երեքշաբթի: