Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է պաշտոնավարման 100-րդ օրը:
«Հաշվետու ժամանակահատվածում գումարել ենք մեկ լիագումար նիստ՝ մայիսի 21-ին, և ունեցել չորս արտահերթ նստաշրջան՝ հունիսի 9-ին, հունիսի 30-ին, հուլիսի 16-ին և օգոստոսի 11-ին, որոնց ժամանակ պատգամավորներին առանց վարձատրության հետ ենք կանչել արձակուրդից:
Լիագումար նիստի ընթացքում, ինչպես տեղյակ եք, ընտրվել են Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը, մշտական հանձնաժողովների նախագահները: Առանձնահատուկ կարևորում եմ օգոստոսի 11-ի արտահերթ նստաշրջանի ընթացքում՝ Արցախի Հանրապետության «2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելը, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ԱՀ նախագահի նախընտրական ծրագրերի իրականացման ընթացքավորում՝ մասնավորապես, անվճար բարձրագույն կրթությունը, դարի պրոեկտը, ասֆալտապատման աշխատանքները, բնակարանաշինություն և այլն:
Կարևորում եմ նաև «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի ընդունումը, որոնցով անազատության մեջ գտնվող մեր որոշ քաղաքացիների ազատություն շնորհվեց:
Ինչպես արդեն տեղյակ եք, ԱՀ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո նախաձեռնել եմ հանդիպումների շարք՝ 2020 թ. Նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ: Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել երկրում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորել, այսինքն՝ ի կատար ածել երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը: Միաժամանակ, նրանց հետ քննարկել եմ ԱԺ-ի հետագա աշխատանքների վերաբերյալ իմ տեսլականը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնել հետագա համագործակցության համար, ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս:
Մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Երկուսս էլ կարևորել ենք խորհրդարաններում գործող խմբակցությունների և մշտական հանձնաժողովների միջև հանդիպումների հաճախակի անցկացումը: Արդեն իսկ ունենք ձևավորված ավանդույթներ և համակարծիք ենք, որ այն պետք է շարունակաբար հարստացնենք և խորացնենք: Զրույցի ընթացքում անդրադարձել ենք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը:
Եվ արցախյան հիմնախնդրի և մեր երկու հանրապետությունների համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ մենք քննարկումներ ենք իրականացնում և՛ հանդիպումների ժամանակ, և՛ հեռախոսազրույցով:
Հանդիպել եմ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
2021 թ. հունվարին ԱՀ ԱԺ-ում կգործի երիտասարդական խորհրդարանը: Այդ համատեքստում հանդիպել եմ «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅԴ», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», ՔՄԴ կուսակցությունների երիտասարդների հետ:
«Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդների հետ կհանդիպեմ սեպտեմբերի 10-ին: Իմ խորին համոզմամբ՝ երիտասարդական խորհրդարանը կլինի քաղաքական դպրոց մեր երիտասարդների համար, և նրանք երկրի քաղաքական կյանքին կներգրավվեն կողմնորոշված և ավագ սերունդների փորձը կիրառելու հմտությամբ օժտված:
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը պաշտոնական այցով գտնվել եմ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում: Օգոստոսի 29-ին ՄՄՀ նախագահ Վադիմ Կրասնասելսկու և ՄՄՀ խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Կորշունովի հետ Բենդերի քաղաքում մասնակցել եմ Պոդոլսկի 55-րդ հետևակային գնդի 222-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Մեր պատվիրակությունը գտնվում էր ուշադրության կենտրոնում: Ամեն օր հանդիպել եմ երկրի առաջին և գործող նախագահներին, խորհրդարանի նախագահին, արտոգործնախարարին և այլ պաշտոնատար անձանց: Նրանց ես ճանաչում եմ վաղուց:
Օգոստոսի 31-ին 2018 թ. ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լիդիա Իոսիֆի Սարգսյան-Արսենտևան հետմահու պարգրևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Վաստակավոր մանկավարժի ԱՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորի որդիներին փոխանցել եմ իրենց մոր մեդալը: Նույն օրը հանդիպել եմ նաև ՄՄՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ծանոթացել եմ նրանց խնդիրներին և մտահոգություններին և դրանք ներկայացրել եմ ՄՄՀ նախագահ Վադիմ Կրասնասելսկուն: ՄՄՀ հայ համայնքի ղեկավար Գեղամ Գևորգյանը նշանակվել է նույն երկրում առևտրային ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով:
ՄՄՀ 1-ին նախագահ Իգոր Նիկոլայի Սմիռնովը շուրջ 22 տարի ղեկավարել է ՄՄԿ-ն: ԱՀ ԱԺ-ի և անձամբ իմ անունից շնորհավորել եմ նրան և բարեկամական Մերձդնեստրյան ժողովրդին անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
Մեր պատվիրակության համար պատիվ էր հանդիպել նման մարդու հետ, ով, իմ բնորոշմամբ, մարդ-պատմություն է: Երկրի համար մեծ ավանդ ունեցող գործչին ցանկացել եմ առողջ կյանք և կովկասյան երկարակեցություն:
Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության նախագահին եմ փոխանցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի և ողջույնի ուղերձն Անկախության ազգային տոնի առթիվ:
ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկախության տոնի առթիվ շնորհավորել եմ երկրի նախագահին, խորհրդարանի նախագահին, վարչապետին և արտգործնախարարին:
Սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ԱՀ երրորդ նախագահ Բ. Սահակյանի 2020 թ. ապրիլի 30-ի հրամանագրով՝ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար և Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայում բնակվող բարերարներ Կորյուն Կիմի Կարախանյանն ու Միսակ Հովհաննեսի Խիդիրյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, որը փոխանցեցի մեր հայրենակից բարերարներին»,- հայտնել է Արթուր Թովմասյանը: