Երևանի ավագանին 34 կողմ ձայնով հավանություն տվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին որոշմանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը տեղեկացրեց, որ արձանը կտեղադրվի Զաքյան - Բեյրութի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված մանկական զբոսայգու, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22/23-րդ հենապատի միջնամասում:
«Հուշարձանի նախագծային աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ Կառավարության 07.11. 2019 թ. 15/56 որոշմամբ Երևանին հատկացվել է 2 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետի 30.01.2020 թ. մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու 46Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային համապատասխան հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը»,- ասաց Սարգսյանը: