Սեպտեմբերի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով են պարգևատրվել ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ:
Նախարար Ցոլակյանը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով է պարգևատրել նաև ԱԻՆ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ղեկավարությանը: Մեդալներ են հանձնվել նաև այլ գերատեսչությունների կողմից:
«Այս պարգևները թող ձեզ ուժ ու եռանդ տան: Կուզենայի, որ բոլորդ գնահատեիք ձեր դերն ու նշանակությունը, շարունակեիք ճիշտ կազմակերպել աշխատանքը: Պարգևներն արվածի գնահատականը լինելուց բացի նաև պարտավորեցնող են, որպեսզի պահպանենք ունեցածը՝ միևնույն ժամանակ գնանք նոր ձեռքբերումների ճանապարհով»,- ասել է նախարար Ցոլակյանը: