2020 թ․ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 02։40-ի սահմաններում, ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Պ.-ն հիմնարկի վարչակազմին գանգատ է ներկայացրել, որ որովայնի շրջանում ունի սուր ցավեր:
Նույն ժամանակահատվածում պատասխանատու հերթապահին է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով որպես դատապարտյալ Ա․ Պ․-ի հարազատ «քույր»՝ պահանջել է եղբորն անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Հերթապահ բժշկի կողմից իրականացվել է առողջական վիճակի հետազոտություն, որից հետո բժշկի առաջարկությամբ ժամը 05։00-ին կանչվել է շտապօգնություն։
Իրավիճակի մասին անմիջապես զեկուցվել է նաև «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ բաժնի ծառայողներին։ Վերջիններս էլ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ-ի համապատասխան աշխատասենյակում անձնական խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Պ․-ին։
Համաձայն օպերատիվ տվյալների՝ դատապարտյալը հիվանդանոցից դուրս գալուց պետք է ոտքը դներ նախապես գետնին նետված կպչուն փաթեթի վրա, այնուհետև հարմար պահի կոշիկի տակից պոկեր այն և թաքցներ իր մոտ: Սակայն ՔԿՀ ծառայողները, հետևելով նրա գործողություններին, համապատասխան պահի ենթարկել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալի սպորտային բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել և առգրավել են փաթեթը, որի մեջ առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգված՝ մոտ 2․07 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։