Սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը: Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով:
Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:
Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ով մասնավորապես նշեց. «Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման համար պահանջվող մասնագիտություններ: Ակնհայտ է, որ աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի շարունակական առաջընթացի համար։ Այն ժամանակակից աշխարհի հետ համաքայլ շարժվելու կարևոր հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:
Այս գիտակցումն, անկախ պատմական հանգամանքներից, միշտ էլ առկա է եղել մեզանում։ Պետականության բացակայության պայմաններում մեծանուն հայազգի մեկենասների հեռատեսության ու ջանքերի շնորհիվ տաղանդաշատ հայ երիտասարդները, որոնք իրենց հետագիծն են թողել մեր ինքնության վրա, արտասահմանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ունեցել: Հետագայում ստեղծվեցին նաև հիմնադրամներ, երիտասարդների՝ արտերկրում սովորելու միջոցով մեր հասարակության ու երկրի զարգացման ընթացքն արդյունավետ ու կազմակերպված դարձնելու նպատակով:
Վստահ ենք, որ ժամանակի ընթացքում այս ձեռնարկումները կդրվեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ գիտելիքի ներուժն առավելագույնս արդյունավետ ու թիրախային օգտագործելու նպատակով։ Կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայել: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան:
Ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։ Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում: Շատ ուրախ եմ, որ հետզհետե փոխվում է Հայաստանի երիտասարդության պատկերացումները պահանջված մասնագիտություների մասին: Այո,՛ մեզ պետք են երկիր կառուցող անհատներ, առաջատար մասնագետներ՝ բժիշկներ, շինարարներ, գյուղատնտեսներ, տվյալագետներ, անասնաբույժներ, ճարտարագետներ և այլն: Սիրելի՛ կրթաթոշակառուներ, դուք ներդրում եք անում ինչպես ձեր անհատական կայացման, այնպես էլ՝ պետության զարգացման գործում: Այսօր Հիմնադրամի բարերարների ու պետական աջակցության շնորհիվ ունենք եզակի հնարավորություն կյանքի կոչելու ձեր ու մեր երազանքը։ Բարի երթ, բարի վերադարձ»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարտի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընթերցեց նախարար Արայիկ Հարությունյանի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է. «Խրախուսելով Հայաստանում կայուն մասնագիտական աճը, երկրի ոլորտային զարգացումն ու առաջխաղացումը՝ 2018 թ.-ից ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել մեր հայրենիքի առաջընթացին։ Եվ այսօր Հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի շրջանակում հպարտությամբ և պատասխանատվությամբ այս խորհրդանշական վայրում 2020 թ. շահառուներին հանձնում ենք իրենց հավաստագրերը»։
Ներկաների հետ իրենց հաջողության պատմությամբ կիսվեցին Հիմնադրամի 2019 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, տնտեսագետ Առնո Մուրադյանը և 2020 թ. կրթաթոշակառու, բժիշկ-համաճարակաբան Քրիստինա Հակոբյանը: Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվեցին կրթաթոշակների հավաստագրերը։ Նշենք, որ միջոցառման վայրի ընտրությունը պատահական չէր. Օշականի մշակույթի պալատն այն տասը մշակութային տներից մեկն է, որ ընդգրկված է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրում: Ծրագրով նախատեսվում է մշակույթի տների ենթակառուցվածքների բարեկարգում ու մարդկային ռեսուրսների հզորացում: