Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն և դինամիկ աճող, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է ֆինանսական միջնորդի իր գործառույթը, քանի որ ամենակարևոր գործառույթը, որ, ըստ էության, համակարգն ունի, միջնորդությունն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ որպես տնտեսության մասնավոր հատվածի սուբյեկտներ՝ ֆինանսական կազմակերպությունները ևս անմասն չեն մնացել համավարակի անբարենպաստ ազդեցությունից, ինչը, սակայն, այս պահին «չի խաթարել ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքը»:
«Եվ երրորդ ուղերձը, որը ես կկարևորեի, այն է, որ կազմակերպությունների կապիտալի և իրացվելիության մակարդակը այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,- ասաց Մարտին Գալստյանը: