Բերդի ամենաբարձր կետում՝ Սորանում, գնահատանքի խոսքերը նվիրված են հուլիսյան մարտերին մասնակից զինվորականներին ու նրանց թիկունքը պահող տավուշցիներին՝ վարչապետի խոսքով, Բերդ խոշորացված համայնքի հերոսական ժողովրդին:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այսօր կարող ենք անել արձանագրումներ` մի քանի առիթներով օգտագործելով աննախադեպ բառը՝ ցույց տալու, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբներով օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունքն են:
Վարչապետը սահմանամերձ գյուղեր շրջայցն ամփոփեց Բերդում: Ներկայացրեց ծրագրերը: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրը ևս նոր ճանապարհ ունի: Մինչև տարեվերջ գյուղը կունենա նոր զբոսայգի, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այն կփոխի սահմանի բնակավայրի մթնոլորտը: Տպավորիչ է վերակառուցվող Այգեպարի նոր տեսքը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ ինչ է տեսնում զինվորը դիրքերից ետ նայելով: Տանիքներն առավել կարևոր են դիրքերում կանգնող զինվորների համար: Երբ որ նրանք ետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող, ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, տեսնեն մշակույթով ապրող թիկունք:
Վարչապետի ցանկությունն է, որ մշակույթով ապրող թիկունքն ավելի ամրանա: Մշակութային այս իրադարձությամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ձևակերպվում է սահմանապահ բնակավայրի կենսակերպի վերաբերյալ կառավարության ռազմավարական պատկերացումը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Բերդ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ, այսօր եկել ենք ասելու` շնորհակալություն, որ դուք այսպես ամուր պահում եք մեր բանակի թիմունքը և այդպես ամուր պահում էք մեր երկրի սահմանն առաջին հերթին հոգենաբորեն, քանի որ ֆիզիկապես սահմանը պահելու պարտականությունը մեր բանակինն է:
Բերդում վարչապետը հիշեց 2015-ին իր՝ Այգեպար այցը, երբ սահմանին կրկին լարված էր: Տարեց բնակչի խոսքը դեռ ականջում է:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Գյուղում Գովեն ամի են ասում, ասեցի Հայաստանի վերջին տունն է, այդ մարդը 75-80 տարեկան, ասաց՝ չէ, սա Հայաստանի առաջին տունն է: Եկել ենք ասելու, որ Այգեպարի այդ բնակչի նախադասությունը դարձել է պետական քաղաքականություն:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումը մշակութային տոն պարգևեց տավուշցիներին: Ելույթն առաջինն է, բայց վերջինը չէ: Դասական երաժշտությունը սահմանին պարբերաբար կհնչի: