Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը՝ Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը:
Նախագծում իրականացված լրացումների համաձայն՝ այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։
Նախկինում հաստատված 17 տեղամասին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս: Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն:
Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, այն ձկնորսները, որոնք մինչ այս չեն ցուցաբերել նախաձեռնություն և հայտ չեն ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար, և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան մինչև սեպտեմբերի 16-ը նոր հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ՝ արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Դրանց բավարարումից հետո` սահմանված ժամկետում, կարող են պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։
Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում կարող են մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։
Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։