Նոր դեմքերով ու նոր դեմքերի մասին է պատմելու Հայաստան-Արցախ-Սփյուռքն իրար կապող «Հայերն այսօր» լրատվականը: 10 տարուց ավելի է՝ համահայկական լրատվական հարթակը դրսում գիտեին, ճանաչում էին: Սփյուռքին ավելի մոտենալու համար բոլոր նորությունները կպատմեն արևմտահայերեն, արևելահայերեն, ռուսերեն ու անգլերեն և ավելի նորարարական մոտեցումներով Հայաստանը մեկ քայլով էլ կմոտեցնեն Սփյուռքին:
Լյուսի Վանա Կարապետյան («Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի ղեկավար) - Մենք ուզում ենք կոտրել կարծրատիպերը, մենք Սփյուռքի մեջ ունենք այնպիսի մարդիկ, որ իրենք ամեն օր աշխատելով ավելի լավն են դարձնում մեր հայրենիքը:
Հայերն այսօրը կշարունակի նորություններով տեղյակ պահել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի անցուդարձից: Նոր՝ «Ապրելու երկիր» խորագրում կպատմեն ստեղծարար մարդկանց մասին, որ հայրենիք վերադառնալով՝ իրենց հետ երկրում նորություն են բերել, հաջողության հասել, կծանոթացնեն նաև դրսում ապրող մեր հայրենակիցների հետ, ինչ են խոսում միջազգային լրատվամիջոցները Հայաստանի ու հայերի մասին և ոչ միայն:
Վիտալի Գրիգորյան («Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի խմբագիր) - Կլինի «Սփյուռքահայի օրագիր» ենթաբաժինը, որում կպատմենք սփյուռքահայերի խնդիրների մասին:
Մեկ ամսից արդեն նոր թարմացված կայքով «Հայերն այսօր»-ը կխոսի Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կյանքից, իսկ մինչև այդ սոցցանցերում կպատմեն՝ ինչով է գրավիչ, հաջողակ ու սիրելի Հայաստանը: