ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ:
Ըստ Al-Arabiya հեռուստաալիքի՝ Դոնալդ Թրամփը Սալման թագավորին հեռախոսով խնդրել է դառնալ արաբական հաջորդ առաջնորդը, որը կհամաձայնի կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Անցած ամիս այդ հարցով հրեական պետության հետ համաձայնագիր կնքեց Արաբական Միացյալ Էմիրությունները:
Սաուդյան Արաբիայի թագավորը Թրամփին ասել է, որ բարձր է գնահատում խաղաղությունը պահպանելու ԱՄՆ ջանքերը և ընդգծել, որ Էր Ռիադը ցանկանում է տեսնել Պաղեստինի խնդրի արդարացի և մշտական լուծումը՝ հիմնված արաբական խաղաղության նախաձեռնության վրա, որն առաջարկել է Սաուդյան Արաբիան Բեյրութում 2002 թ.: Ըստ այդ նախաձեռնության՝ արաբական երկրները կկարգավորեն հարաբերություններն Իսրայելի հետ Պաղեստինի պետականության մասին համաձայնագրի և 1967 թվականին Մերձավոր Արևելքի պատերազմի ժամանակ գրավված տարածքներից Իսրայելի ամբողջական դուրսբերման դեպքում: