Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը որակազրկվել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ խաղում ոչ սպորտային պահվածքի համար։Իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ մրցախաղի առաջին սեթում` 6:5 հաշվի ժամանակ, մատուցումից առաջ գնդակ ընտրելիս Նովակ Ջոկովիչը, կարծես պատահաբար, գնդակով հարվածել է գծային մրցավարին։ Մրցավարները որոշել են սերբ թենիսիստին գրանցել պարտություն։
«Իրավիճակն ինձ տխրեցրել է: Կազմակերպիչներն ինձ փոխանցել են, որ մրցավարի հետ ամեն ինչ նորմալ է, նա իրեն լավ է զգում: Ցավում եմ, որ նա ստիպված եղավ նյարդայնանալ, ես դա միտումնավոր չեմ արել: Ինչ վերաբերում է ինձ, դասեր կքաղեմ այս պատմությունից, որպեսզի դառնամ ավելի լավը որպես մարզիկ և որպես մարդ: Ներողություն եմ խնդրում»,- Ջոկովիչի խոսքերն է փոխանցում TACC-ը:
Հավելենք, որ Կարենյո-Բուստան քառորդ եզրափակչում կմրցի կանադացի Դենիս Շապովալովի և բելգիացի Դավիդ Գոֆենի դիմակայության հաղթողի հետ։