«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել է դատական նիստերին մասնակցությունը դադարեցնելու մասին:
«2018 թ․ հեղափոխությունից հետո «Մարտի 1-ի» գործով վերջապես սկսվեց իրական քննություն, որը կարճ ժամանակում ի հայտ բերեց այն աներևակայելի պատկերը, որը 10 տարի շարունակ հետևողականորեն նկարագրվում և բացատրվում էր ինչպես իրավական գործընթացներում՝ ներպետական և վերպետական ատյաններում, այնպես էլ՝ քաղաքական գործընթացներում։
Պարզվեց, որ պետությունը՝ պետական իշխանությանն ամբողջապես տիրած խմբերն ու անհատները կազմակերպված և հետևողականորեն պետական իշխանության տարբեր ճյուղերի ներգրավմամբ և դրանց իշխանության իրագործմամբ խեղաթյուրել են իրականությունը և խմբային շահերի սպասարկմանը ծառայեցրել մի ամբողջ ժողովրդի պատկանող իշխանությունն ու պետության ինքնիշխանությունը։ Պարզվեց, որ այդ նպատակի համար չի դրվել խտրություն միջոցների հարցում։ Այդ նպատակով խախտվում էր Սահմանադրությունը, խեղվում և սպանվում էին մարդիկ, խեղաթյուրվում էր ճշմարտությունն ու պատմությունը, կեղծվում էին փաստերը ու ապացույցները, դատապարտվում էին այլախոհները և հակառակորդները։
2008 թ․մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է շուրջ 113 անձ։ Խաղաղ հավաքների մասնակիցները դատապարտվում էին զանգվածային անկարգությունների կազմակերպման կամ մասնակցության համար։
2018 թ․ hեղափոխությունից հետո միայն 15 գործով վերանայում և արդարացում է եղել, որոնցով վճռաբեկ բողոքները բերվել են գլխավոր դատախազության կողմից միայն 2019թ․։ Դրանից ի վեր դատախազությունը լուռ է։
2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների խորքային իրավական և քաղաքական անդրադարձ, գնահատական և հետևողական բազմակողմանի գործընթաց չի իրականացվում»,- հայտարարեց նա։
Եգորյանի կարծիքով, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ, մինչ օրս որևէ կերպ չի դրսևորվում ոչ ոստիկանության, ոչ ԱԱԾ արդյունավետ համագործակցությունը «մարտի 1-ի» գործի քննության շրջանակներում, առանցքային ծառայողներ կարծես արդյունավետորեն խուսափում են ցուցմունքներ տալուց և այդ կապակցությամբ չկա որևէ արդյունավետ միջոց:
Մինչդեռ, ըստ փաստաբանի, «մարտի 1-ի» գործերն այն լակմուսի թուղթն ն են, որոնք հանդիսանալու են դատական և իրավական բարեփոխումների ցուցիչ և հնարավորություն են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշելու ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների իրական վիճակը, շարժման ուղղությունը։
«Այժմ, երբ մարտի 1-ի հիմնական գործով նախաքննությունն ըստ էության դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատարանի նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ, արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատարավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը: Մեր հետագա քայլերին կանդրադառնանք ըստ զարգացումների»,- ասաց Եգորյանը։