Փարիզի 8-րդ թաղամասի Ժան Գուժոն փողոցը մեկ օրով թոթափվել է ամենօրյա անհանգիստ երթևեկությունից և տոնական շնչով է լցվել: Հայկական տարեկան փառատոնն իր լիիրավ ընթացքի մեջ է: Փառատոնը միավորում է ոչ միայն ֆրանսիաբնակ հայերին, այլև Հայաստանին սիրահար ֆրանսիացիներին:
Հայկական փառատոն անցկացնելու գաղափարը Ֆրանսիայի հայոց թեմինն է: Փառատոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Փարիզի 8-րդ թաղամասի թաղապետ Ժան դ'Օթստեղին, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կառվունասը, փոխքաղաքապետ Սարո Մարդիրյանը, Իսսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը և այլ բարձրաստիճան այրեր։
Լայնարձակ Ժան Գուժոն փողոցում տեղադրված տաղավարներին միավորում է Հայաստանը ներկայացնելու գաղափարը։ Ֆրանսիայում գործող հայկական միությունների գործունեությունից, մինչև հայկական խորհրդանիշեր, զարդեր, գրքեր, անգամ՝ բերք ու բարիք։
Տիկին Սառադջյանը, Հայաստանից Ֆրանսիա մեղր է ներկրում 2017 թվականից ի վեր, ասում է՝ համի գիտակ ֆրանսիացիների հայկական մեղրը շատ են գնահատում, և այն մեծ պահանջարկ ունի։
Մարի Քրիստին Սառադջյան - Քաշաթաղի մեղրն է, այս մեղրն առանձնահատուկ է նրանով, որ իր մեջ է պարուրում սարերի ծաղիկների համն ու բույրը։ Այն համտեսելիս զգում եք, թե ինչպես է ջերմանում կոկորդը, որին հաջորդում է անմահական համի և բույրի պարֆյումը: Արարատի մեղրն այլ համային հատկանիշներ ունի, այն ավելի սուր համ ունի։ Տավուշի մարզում անցկացվող մեղրի փառատոնի ժամանակ ես բացահայտեցի այս մեղրը, այն եղևնու յուրահատուկ համ ունի և անչափ օգտակար է, ֆրանսիացիները այս մեղրը շատ են սիրում։
Լևոն Բաղդասարյան (Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի ատենապետ) - 1989-են սկսեալ մենք առաջին անգամ ճամփորդեցինք սկաուտներով Հայաստան:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության Փարիզի մասնաճյուղի տաղավարն ամենաշատ այցելուներ ունեցողներից մեկն էր: Ֆրանսիայում բնակվող հայ երեխաները հենց այստեղ կարող են հայկական միջավայրում զբաղվել ֆուտբոլով և բասկետբոլով:
Ավելի քան 40 տարի Ֆրանսիայում զարդեր արտադրող ընկերության համահիմնադիր տիկին Էլիզաբեթն ամուսնու հետ մի օր որոշեց զարդերին տալ հայկական ուղղվածություն և հաջողեց։ Ավելի քան 5 տարի է, ինչ հայ խաչ անվանումը կրող ընկերությունը, ֆրանսիաբնակ հայերին առաջարկում է կրել հայկական այբուբենն ու հայկական խորհրդանիշերը ներկայացնող ինքնատիպ զարդեր;
Էլիզաբեթ Զեպետյան (ոսկերչական ընկերության համահիմնադիր) - Մեր զարդերը ոչ միայն հայերին են դուր գալիս:
Փառատոնը բացահայտում էր Տեր-Պողոսյան ընտանիքի համար, պարոն Ավագը ֆրանսուհի կնոջ և երեք զավակների հետ արդեն երկրորդ տարին է այցելում, ասում է՝ նման իրադարձությունները լավ միջոց են երեխաներին ծանոթացնելու հայկական միջավայրի և առհասարակ Հայաստանի հետ:
Ավագ Տեր-Պողոսյան - Միջոցառումը, ըստ իս, հնարավորություն է տալիս վերարժևորելու հայկական մշակույթը, մոտ լինելու հայկական միջավայրին, երեխաներս և կինս նաև այստեղ բացահայտեցին հայկական երգն ու պարը և իհարկե համտեսեցին հայկական ուտեստներ:
Մինչ փողոցի մի ծայրում հայկական երաժշտություն է լսվում, մյուս ծայրում հայկական գինու բույրն է տարածվում, ասել է թե՝ հայկական փառատոնը հաջողվել է։