Պետական եկամուտների կոմիտեի hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից օրերս բացահայտվել է տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։
Oպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով բեռնատար ավտոմեքենայով կազմակերպվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել մեծ քանակությամբ ավտոմեքենայի շարժիչային յուղ։
Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում Ա.Պ.-ի կողմից վարվող «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որտեղ համապատասխան ձևակերպումներ ստանալու նպատակով վարորդի կողմից ներկայացվել է կեղծ հաշիվ-ապրանքագիր: Ըստ կեղծ ապրանքագրի՝ Ռուսաստանի Դաշնությունում գնված և ՀՀ տեղափոխվող ապրանքը իբրև թե արևածաղկի հիդրոֆուզ է։ Օպերատիվ աշխատակիցները հետազոտման են ենթարկել ավտոմեքենան և դրանում առկա բեռը: Արդյունքում հայտնաբերվել են ցորենի թեփի պարկերի տակ թաքցված ավելի քան 6 հազ. լիտր քաշով SINTEC, GAZPROMNEFT, ROSNEFT և ROLF տեսակի շարժիչային յուղեր։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է խուզարկության։ Բեռնատարն ու ապրանքներն առգրավված են։
Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։