ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում ավարտվել են ևս երկու խոշոր շինարարական աշխատանքներ։
Ծիծեռնակաբերդում կառուցվել է ինքնահոս ոռոգման համակարգ, մոնտաժվել է 2330 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ, ինքնահոս եղանակով, կոռոգվի 192 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 126 լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա (շուրջ 24 մլն դրամ): Ներդրումը կազմել է 155.9 մլն դրամ։
Կառուցվել է նաև Արտաշատի ջրանցքի 5-րդ բաժանարարի ինքնահոս ոռոգման համակարգը։ Մոնտաժվել է 3922 մետր երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար, ինչի շնորհիվ ինքնահոս եղանակով կոռոգվի 520 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 397 լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 59 մլն դրամ արժեքով։ Այստեղ ներդրվել է 287,1 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարարության, ինչպես նաև նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` 7 բաղադրիչների ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: