«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ֊ից ինֆորմացիայի արտահոսք է եղել, ինչը բացասաբար է անդրադարձել ՀՔԾ աշխատանքների վրա:
Ըստ նրա՝ «Մարտի 1»-ի գործով իրավապահների միջև չկա համագործակցություն: «Այսօր եթե Վանեցյանը զբաղված է քաղաքական ինտրիգներով, միտինգներ է ուզում անել, ամեն ինչ այնքան ակնառու է»,- ասաց նա:
Սաֆարյանը խոսեց «Մարտի 1»-ի դատավարության մասին: «Մեկուկես տարի շարունակ տևած դատավարությունը հասարակությանը և մեզ համոզեց, որ դատարանի դահլիճում տեղի չի ունենում դատաքննություն: Դատարանի դահլիճում ով ինչ ուզում, իր տեսական գիտելիքներով պայմանավորված, գործընթաց է իրականացնում: Տպավորություն է՝ մարդիկ լսարան են մտել և ուզում են դասախոսություններ կարդալ»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ դատարանում շեղվել են Մարտի 1-ի բուն թեմայից:
«Փաստական հանգամանքները, որ տեղ են գտել մեղադրական եզրակացությունում, այսօրվա քննարկվող նյութի հետ բացարձակ առնչություն չունեն: Այն գործը, որ 85 հատոր կազմվել է, ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած հանգամանքների հետ կապ չունեն: Ու նրանք վախեցած են, որ այդ փաստերը կհրապարակվեն, այդ փաստերի հրապարակման ուժով ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա պաշտպանները չեն ասի՝ էս մեղադրանքը ջուր է: Կունենանք առիթ, կտեսնեք»,- շեշտեց նա:
Սաֆարյանն անդրադարձավ նաև «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներին, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանին առաջադրած մեղադրանքին. «Այնպես չէ, որ մենք չենք տարանջատվել մեր մոտեցումներով մեղադրանքի կողմից։ Մենք նաև իրենց հետ խնդիր ունենք այդ տեսանկյունից, որ եթե դուք բերեիք բանդիտիզմով կամ հանցավոր համագործակցությամբ քրեական գործ, Ռոբերտ Քոչարյանը ո՛չ ՍԴ կդիմեր, ո՛չ ՌԴ կդիմեր, ո՛չ լրատվամիջոցի կդիմեր, ոչ մի տեղ էլ չէր դիմի։ Ուղղակի խելոք կնստեր, իր կողքին նստած քիլլերի հետ կամ մյուս հանցավոր խմբի անդամի հետ, և կհասկանար՝ ինքը ինչի համար է եկել դատարան։ Իսկ հիմա տպավորություն ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները գիտեն, որ իրենք ինչ-որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված մարդիկ են եղել և ինչ ուզեին՝ կարող էին անել։ Այ, եթե այդ ծավալը, այդ օպերատիվ աշխատանքը ավելի լավ տարվեր, և խմբի կազմը շատ ավելի ամբողջական դառնար, մենք այս պատկերը չէինք ունենա, և այսքան նյարդային վիճակում չէր հայտնվի դատական համակարգը»։
Փաստաբանի կարծիքով՝ մեղադրողը պետք է մեղադրական եզրակացությունը հետ տաներ և ձևակերպումները վերանայեր, կարգավորեր: