Բելառուսում չի դադարում նախագահի ընտրության պաշտոնական արդյունքի դեմ զանգվածային բողոքի ակցիան: Կիրակի երկրի մի քանի քաղաքում ցույցերն անցկացվել են «Միասնության երթ» խորագրի ներքո: Մինսկում ոստիկանությունը վերահսկել է ամբողջ կենտրոնը, շրջափակել է հրապարակներն ու պողոտաները, փակել մետրոյի կայարանները: Իրավապաշտպանները հայտնել են մայրաքաղաքում ավելի քան 150 ձերբակալվածի մասին, ՆԳՆ-ի տվյալով, ամբողջ երկրում ձերբակալվել է 100-ից ավելի մասնակից: Նրանց թվում են ընդդիմության համակարգող խորհրդի անդամ Օլգա Պավլովան և մի քանի լրագրող՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիությունն էլ չի հրաժարվում Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումից: Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետչիշեկը նշել է, որ սահմանափակող միջոցներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 21-ից ոչ ուշ: Ըստ նրա՝ սկզբում պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել էր 20 պաշտոնյա, բայց այդ թիվը կընդլայնվի առաջիկա օրերին:
Սեպտեմբերի 4-ին Die Welt թերթը տեղեկացրեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում, քանի որ Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան հրաժարվել են սատարել այդ առաջարկը: